Քաղաքական

28.04.2018 13:55


Սամվել Ֆարմանյանի հրավերը, Արարատ Միրզոյանի պատասխանը

Սամվել Ֆարմանյանի հրավերը, Արարատ Միրզոյանի պատասխանը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բարձրաձայն մտորումներ «պատգամավորաորս» ակցիայի շուրջ

Իմ շա՜տ սիրելիներ,

Հարյուրավոր նամակներ ու հեռախոսազանգեր եմ ստացել՝ ստեղծված իրավիճակի հետ կապված: Իսկապես շոյված եմ. տարիների աշխատանքն ու պահվածքն իրենն արել են՝ շատ-շատերը, անգամ այս իրավիճակում, անաչառորեն գնահատում ու արձանագրում են արածդ, ասածդ ու տարիների պահվածքդ: Անկեղծորեն շնորհակալ եմ: Սակայն այսօր պահը չէ անգամ վերլուծելու ու հասկանալու այն պատճառներն ու հանգամանքները, որոնք հնարավոր դարձրեցին այն, ինչ կա այսօր՝ մի կողմից 1988-ը հիշեցնող համազգային զարթոնք, մյուս կողմից՝ օդում կախված ծանր մտահոգություններ ու բազմաթիվ հարցականներ, որոնց պատասխանները չեն կարող չտրվել՝ այսօր թե վաղը:

Մայիսի մեկին ընտրելու ենք վարչապետ: Գուցեև այդ ընտրությունը լինելու է պատգամավորական իմ ողջ գործունեության ամենակարևոր քվեարկությունը: Մեր ներքին՝ ՀՀԿ ֆրակցիայի քննարկումներում կարող եմ հետևողականորեն հանդես գալ այն դիրքերից, որ ստեղծված իրավիճակում ֆրակցիան պետք է միաձայն քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին: Շա՜տ բան կարող եմ անել։ Բայց մի բան՝ երբեք. իմ արժանապատվությունը կշեռքի նժարին չեմ դնի ու քաղաքական առևտրի մեջ չեմ մտնի, մեր կոլեկտիվ որոշումներից չեմ «թռնի»: Հիմա դուք ի՞նչ եք ուզում անել՝ նոր ուրացողնե՞ր եք կերտում: Ա՜խր, սեփական «ես»-ը ուրացածներին վաղը ինքներդ ստիպված եք լինելու դեն նետել: Ես կարող եմ ամբողջ ուժով համոզել ՔՊ-ի իմ գործընկերներին գործիք չդառնալ աշխարհաքաղաքական խաղերում, բայց երբեք ինձ թույլ չեմ տա համոզել իմ բարեկամ Արարատ Միրզոյանին ծլկել Վանաձորի այսօրվա հանրահավաքից:

Դադարեցրե՛ք, խնդրում եմ, հանրային լոբբինգի անվան տակ անցկացվող այս ահաբեկչությունը՝ առնվազն կին պատգամավորների հանդեպ, պարո՛ն Փաշինյան:

ՀՀԿ ֆրակցիայի անդամները, հիմնականում ԱԺ-ում են լինում, դադարեցրե՛ք այն, ինչ արվում է և Ձեր ոճով՝ «բարձրացված ձեռքերով» հյուր եկեք ֆրակցիա, Ձեր ոճով՝ հանգիստ տոնով բացատրեք մեզ, թե ինչու պետք է քվեարկենք Ձեր օգտին, պատասխանեք Ձեր գործընկերների հարցերին: Եկե՛ք խոսելու՝ պարզ, մարդկային: Եկե՛ք առանց պաթոսի քննարկենք կարևոր հարցեր պաշտպանության, փոխզիջումային բանակցություններում զիջումների՝ առավելագույնի շուրջ պատկերացումների մասին, հասկանանք, թե ինչու է անտեսված «ռազմավարական» բառը Ձեր հռետորաբանությունում՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները նկարագրելիս: Շա՜տ բան կա հասկանալու:

Եկեք ֆրակցիա հանդիպման, պարո՛ն Փաշինյան, եկե՛ք գործընկեր փնտրելու ու ոչ թե ուրացողներ կերտելու: Նրանք արդեն իսկ պետք եղածից շատ են ու լիուլի բավարար՝ Ձեր կյանքն ապագայում հարամելու համար: Եկեք օգնեք ինձ՝ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանիս, համոզելու ինձ ու իմ գործընկերներին, որ երկրիս շահն է միաձայն Ձեր օգտին քվեարկելը: Եկե՛ք առանց պայմանավորվելու, առանց զգուշացնելու, եկե՛ք առանց վուվուզելների, եկե՛ք գործընկերների մոտ ու ոչ թե թիրախների: Եկե՛ք:

Խաղաղությամբ՝ Սամվել:

Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է

Տեսա գրառումդ, եղբայր։ Կարճ ասեմ՝ ի լուր քեզ , քո գործընկերների, ՀՀ քաղաքացիների և ողջ աշխարհի։

Ողջունում եմ քո պատրաստակամությունը՝ ձեր ֆրակցիայում խոսել Նիկոլ Փաշինյանին միաձայն վարչապետ ընտրելու օգտին՝ իբրև իրավիճակի միակ հնարավոր և պետության համար շահեկան հանգուցալուծում։

Մի քանի ճշգրտում. Միշտ պատրաստ ենք եղել խոսել ձեր ֆրակցիայի հետ։ Ցավոք, ցայսօր միայն մերժում ենք ստացել։ Հարցրա Վահրամ Բաղդասարյանին, հարցրա Գագիկ Մինասյանին և այլոց։ Հիմա էլ պատրաստ ենք։

Իզուր ես գրառմանդ մեջ նշում Ռուսաստանը։ Մեռանք ասելով՝ այս շարժումը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, այլ երկրի աջակցություն և միջամտություն չունի։ Չունի և վերջ։ Դադարացրեք նման երանգավորումը։

Եվ վերջում. Մի քիչ շփվեք ընտրողների հետ, ՀՀ քաղաքացիների հետ։ Մի վախեցեք և նրանց ահաբեկիչներ մի անվանեք։ Առերեսվեք իրականությանը։ Սթափվեք, ինչպես կասեր դասականը, գժուկներ։

Եղբայրաբար՝
Քո ուսանողական ընկեր Արարատ

Սամվել Ֆարմանյանն էլ իր հերթին պատասխանել է Արարատ Միրզոյանին․

Ուսանողական իմ ընկե՛ր: Շնորհակալ եմ արագ արձագանքի համար:

Մի քանի կարևոր ճշգրտում: Մի շտապեք ինձ + 1 անել ձեր ցուցակներում: Կարծում եմ՝ ամեն ինչ հստակ եմ շարադրել: Մեր խմբակցությունը քվեարկելու է միաձայն: Ավելին՝ հակառակը Ձեր գլխացավն է լինելու: Պատմությունը՝ վկա: Հակառակը չի լինելու: Հակառակը չի ստացվելու: Հակառակը միայն վնաս է տալու:

Ես ունեմ իմ տեսակետը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Ունեմ իմ տեսակետը վարչապետի հնարավոր այլ թեկնածուների վերաբերյալ: Ասածս պարզ բան է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գա իր գործընկերների հետ խոսելու. նստենք խոսենք, պետք է խոսենք առանց պաթոսի, խոսենք կարևոր հարցերի մասին, խոսենք միմյանց հասկանալու, խոսենք մտահոգությունները փարատելու նպատակով:

Հ.Գ. Հանդիպման համար սուրճ հաստատ կա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը