Քաղաքական

27.04.2018 21:21


Իրադրությունը պետք է հանգուցալուծվի Հայաստանի քաղաքացիների շահերին համապատասխան․ ԵՄ

Իրադրությունը պետք է հանգուցալուծվի Հայաստանի քաղաքացիների շահերին համապատասխան․ ԵՄ

Եվրամիությունը վերստին ընդգծում է հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը երկխոսության միջոցով և արագորեն հարթելու հրամայականը՝ շեշտելով՝ դրան պետք է մասնակցեն ներքաղաքական դաշտի բոլոր շահագրգիռ կողմերը: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցը:

«Ազատության»՝ Բրյուսելում աշխատող թղթակիցը նշել է․ «Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը այսօր կրկին մերժել է ընդդիմության առաջնորդի հետ հանդիպել, ո՞րն է Բրյուսլեի արձագանքը», ինչին Եվրամիության արտգործնախարարի խոսնակն պատասխանել է․ - «Եվրամիության ուղերձը շատ հստակ է՝ իրավիճակը պետք է հանգուցալուծվի արագ, պետք է հանգուցալուծվի խաղաղ, և այս համատեքստում ազգային երկխոսությունը՝ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, մնում է վճռական և շատ կարևոր»:

«Ազատությանը» տված հարցազրույցում Եվրամիության արտգործնախարարի խոսնակը շեշտել է, որ Բրյուսելը շարունակում է ուշադրությամբ հետևել հայաստանյան զարգացումներին, աջակցում է նախագահ Սարգսյանի սկսած քննարկումներին և պատրաստակամ է առաջ տանել Հայաստանի հետ կնքված հավակնոտ համաձայնագիրը՝ երկկողմ հարաբերություններն ու ժողովրդավարությունը ամրապնդելու վերաբերյալ:

Արձագանքելով ռուսական որոշ շրջանակներից հնչող պնդումներին, թե հայաստանյան զարգացումները թելադրված էին արևմուտքից՝ Կոսիյանչիցը պնդել է՝ Բրյուսելը առաջին իսկ օրից բավական թափանցիկ ու բաց է եղել իր հայտարարություններում և դիրքորոշումներում. այն ինչ կատարվում է այժմ Հայաստանում, արտացոլում է այդ երկրի քաղաքացիների տեսակետը:

«Հայաստանցիները պարզորոշ արտահայտեցին իրենց դիրքորոշումը, և այժմ իրադրությունը պետք է հանգուցալուծվի Հայաստանի քաղաքացիների շահերին համապատասխան և նրանց աջակցությամբ: Այս համատեքստում խիստ կարևոր է, որ քաղաքական ուժերի ազգային երկխոսությունը արդյունքներ տա և լուծի ստեղծված իրավիճակը»,-նշել է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը