Քաղաքական

26.04.2018 21:50


Հանրապետության հրապարակում հանրահավաքը (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում հանրահավաքը (տեսանյութ)

Նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այսօրվա անելիքների մասին։

Նա նշեց, որ փողոցներ ու կամուրջներ փակելու գործընթացը պետք է շարունակել, իսկ 19։00-ին Հանրապետության հրապարակում կրկին հանրահավաք է լինելու։

***

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առժամանակ դադարեցնել փողոցների փակումը»։

***

Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում հայտարարել է, որ ապրիլի 27-ին, ժամը 12:00-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հրավիրում է «Մարիոտ Արմենիա» հյուրանոց բանակցությունների երկրորդ փուլը սկսելու համար:

««Հանրապետական» կուսակցությունում ի վերջո եկել են ընդհանուր հայտարարի, որ Կարեն Կարապետյանին պետք է լիազորեն, որպեսզի բանակցի: Մենք այդ որոշումը ընդունում ենք ի գիտություն և ինչպես նախկինում` պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում: Ես վաղը, ժամը 12:00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ» հյուրանոց սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը: Սակայն, ինչպես ասացի, մենք ունենք մեկ կոնկրետ պայման: Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ: Մենք ՀՀԿ-ի հետ փակ դռների հետևում չենք բանակցելու: Մենք բանակցելու ենք ժողովրդի աչքի առաջ, որովհետև մենք հայտարարում ենք, որ ժողովուրդը իշխանություն է, մեր ղեկավարն է, և մենք նրան պետք է հաշվետու լինենք մեր արած ամեն քայլի համար»,- նշել է Փաշինյանը:

Նաև հայտնել է, որ ապրիլի 27-ին, ժամը 18:00-ին իրենց հանրահավաքը տեղի կունենա Գյումրիում, ապրիլի 28-ին, ժամը 15:00-ին` Վանաձորում: Նա իր կողմնակիցներին կոչ է արել այդ երկու օրերի ընթացքում Երևանում դադարեցնել բոլոր գործողությունները:

«Ես ուզում եմ, որ ժողովուրդը հստակ արձանագրի, որ մենք չենք գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության, նաև այն պատճառով, որ այս գործընթացի գործող առանցքային անձը ոչ թե այս հարթակն է, այլ հրապարակում կանգնած ժողովուրդը: Որևէ գործարք չի կարող լինել ժողովրդի թիկունքում: Եվ ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով ու ժողովրդի աջակցությամբ, կամ էլ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»,-ասել է Փաշինյանը:

Հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները երթ են իրականացրել Երևանի փողոցներով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը