Մեկնաբանություն

24.04.2018 11:05


Մեկ քայլանի կոմբինացիան ավարտվեց. ՀՀԿ-ն կքվեարկի՞ Նիկոլի օգտին

Մեկ քայլանի կոմբինացիան ավարտվեց. ՀՀԿ-ն կքվեարկի՞ Նիկոլի օգտին

Հայկական հեղափոխության կարգախոսը՝ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»-ը համախմբել էր բոլորին՝ մանուկից մինչև տարեց: Սերժին մերժելը դարձել էր համազգային գաղափար, իսկ նա՝ համազգային հակահերոս:

Սերժ Սարգսյանին հեռացնելուց հետո տոնախմբության կենտրոնը ոչ թե հանրապետության հրապարակն էր, որտեղ 100 հազարից շատ մարդ էր հավաքվել, այլ ամբողջ Հայաստանը: Դա հեքիաթ էր թվում, որն իրականություն դարձավ: Հաղթանակի պարգևած հաճույքը արբեցրել էր բոլորին:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարը հեռացավ ժողովրդական ճնշման և անմիջական մասնակցության արդյունքում, ինչը արմատապես տարբերվում էր 1998-ի իշխանափոխությունից, որը բացառապես պալատական բնույթ էր կրում և 2008-ի իշխանափոխությունից, որը տեղի ունեցավ ներիշխանական «ռազբորկայի» ու արյան միջոցով:

Այս պայքարը հեքիաթային ստացվեց, քանզի «հերոսն» էր հեքիաթային դեմք: Նա հիշեցնում էր աղբյուրի գլխին նստած այն հրեշին, որը չէր թողնում մարդկանց ջուր խմել: Սարգսյանն այնքան հեքիաթային կերպար էր, որ դարձել էր մանկապարտեզի երեխեքի ու դպրոցահասակների «սիրելին». այդ տարիքում են միայն այդպես ատում հեքիաթի չար հերոսին:

Սերժ Սարգսյանն ընկավ իր իսկ փորած փոսը: Նա այնքան էր ձգտում քաղաքական կյանքի ապաքաղաքականացմանն ու «քաղաքացիականացմանը», որ վերջում պաշտոնից հեռացավ ապաքաղաքական հեղափոխության ու քաղաքացիական անհնազանդության արդյունքում (հեղափոխության գաղափարախոսությունը հակահերոսից ազատվելն էր, իսկ ահա բովանդակային մաս չկար):

Հեղափոխության կարգախոսն անձնավորված էր ու բոլորին հասկանալի: Հեղափոխությունը բացառապես տեխնոլոգիական էր և ֆոլկլորային: Պահանջվում էր քայլ անել, ու բոլորն իրենց քայլն արեցին, այդ թվում՝ Սերժը: Վերջինս հրաժարական տվեց: Եկեք, սակայն, արձանագրենք, որ ամեն ինչ դեռ առջևում է, քանզի Սերժը գնաց, բայց ՀՀԿ-ն մնաց: Մնաց նաև ապագա իշխանության կոնֆիգուրացիայի հարցը:

Այո՛, մեր ժողովուրդը հսկայական ու աննախադեպ բան արեց՝ մեկ մարմին դառնալով ու իր արժանապատվությանը տեր կանգնելով, բայց դա մեկ քայլանի կոմբինացիա էր:

Հիմա սպասվում են ավելի բարդ կոմբինացիաներ, նուրբ խաղեր ու տևական գործընթացներ: Արդյոք ուսանողներն ու աշակերտները, ովքեր մեր հեղափոխության շարժիչ ուժն էին, կկարողանա՞ն հասկանալ այդ բարդ կոմբինացիան ու նուրբ խաղը, ինչպես նաև պատրաստ լինել տևական զարգացումների:

Ի՞նչ է սպասվում

Նիկոլ Փաշինյանի օրակարգը հետևյալն է՝ ինքը դառնում է վարչապետ ու դրանից հետո տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դա նշանակում է, որ ՀՀԿ-ն պետք է կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանին: Կլինի՞ նման բան, թե՞ ոչ, ցույց կտան Կարեն Կարապետյանի ու Նիկոլ Փաշինյանի բանակցությունները:

Մեկ բան ակնհայտ է, որ Կարապետյանը ձգտելու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակը փոխարինել վարչապետի կարգավիճակով: Կարապետյանը ձգտելու է հեղափոխությունն ավարտել ներսից, իսկ Փաշինյանը՝ դրսից: Տեսնենք, թե ում մոտ կստացվի:

Ի դեպ, հարկ է արձանագրել, որ արյունահեղությունից խուսափելու և Սերժ Սարգսյանի վրա ներսից ճնշումներ բանեցնելու հարցում իրենց լուրջ դերակատարությունն են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Վերջինս ստանձնել էր նաև միջնորդի ֆունկցիան Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև՝ մինչև այդ պնդելով, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գաղափարից Սերժ Սարգսյանը հրաժարվի և նրանք ազատ արձակվեն:

Ինչ վերաբերում է հարցի իրավական կողմին, ապա գործ ունենք հետևյալ ընթացակարգի հետ. համաձայն ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ կետի՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Նույն հոդվածի 3-րդ կետով՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Դատելով ամենից՝ սպասվում են երևացող ու կուլիսային բազմաշերտ գործընթացներ, որտեղ խաղի մեջ են լինելու բոլորը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը» («Ելք» դաշինքը, որպես այդպիսին, կարելի է փլուզված համարել, քանզի Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը Սերժ Սարգսյանի գիծն էին պաշտպանում և, հետևաբար, նրա հետ էլ հեռացան ասպարեզից), ինչպես նաև արտախորհրդարանական շրջանակներն ու տարատեսակ կառույցները:

Այս փուլում «Քա՛յլ արա, Մերժի՛ր Սերժին»-ը դառնում է հնացած կարգախոս, քանզի Սերժը արդեն մերժվել է:

Պատրա՞ստ է արդյոք մեր հանրությունն ավելի բարդ կոմբինացիաների:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ. Երեկվա համազգային տոնախմբությունից հետո Սերժ Սարգսյանը, ինչպես որ հեքիաթների վերջում է լինում, պետք է գետինը մտներ:

Երեկ տեղի ունեցածը թող բոլորի համար դաս լինի, որ չի կարելի այնպես կառավարել, որ քո հեռացումը ամբողջ աշխարհի հայությանը բերկրանք պարգևի:

Սերժ Սարգսյանն անփառունակ քաղաքական վախճան ունեցավ և պետք է միայն իրեն մեղադրի: Մեր երկիրը շատ ծանր գին վճարեց նրա պաշտոնավարման տարիներին:

Մենք նաև ինքներս մեզ պետք է մեղադրենք, որ այսքան երկար հանդուրժեցինք Սերժ Սարգսյանի ներքին ու արտաքին քաղաքականությունը՝ թույլ տալով նրան մեր երկիրը կրկեսի ու խեղկատակության վերածել:

Մեր խնդիրը սրանից հետո պետք է լինի նման մտահորիզոնի ու աշխարհայացքի տեր մարդկանց պետական կառավարման համակարգին այլևս մոտ չթողնելը և մշտապես քաղաքականությամբ զբաղվելը, որպեսզի քաղաքականությունը մեզնով չզբաղվի:

Այս խորագրի վերջին նյութերը