Քաղաքական

23.04.2018 20:20


Ինչը չհաջողվեց հայրերին, հաջողվեց նրանց որդիներին. քաղաքագետ

Ինչը չհաջողվեց հայրերին, հաջողվեց նրանց որդիներին. քաղաքագետ

Հայաստանում ստեղծված պարադոքսալ իրավիճակը, երբ տասն օրվա անընդմեջ ցույցերի, բողոքի տարբեր ակցիաների արդյունքում հաջողվեց հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, միգուցե վերլուծության տարողունակ նյութ է։ Չէ՞ որ տարիներ շարունակ կուսակցությունների համախմբումը, Երեւանի Ազատության հրապարակից եւ Մատենադարանի հարթակից պարբերաբար հնչող հրաժարականի պահանջները չտվեցին բաղձալի արդյունքը։ Ինչպե՞ս հաջողվեց Նիկոլ Փաշինյանին եւ երիտասարդությանը երկրում փաստացի իրավիճակ փոխել, Սերժ Սարգսյանին պարտադրել հրաժարական։

«Հնամաշ, հին արժեքներով ապրող քաղաքական գործիչները չէին կարող նոր առաջարկներ ներկայացնել Հայաստանին, դրա համար էլ նրանք պարտվում էին իշխանություններին։ Իսկ այսօրվա երիտասարդությունը Հայաստանի պայծառ ապագան է, եւ երիտասարդությունը ցույց տվեց, որ իր նոր արժեհամակարգով ճանապարհ է ցույց տալիս՝ բարձրացնելով Հայաստանի վարկանիշն ամբողջ աշխարհում»,-մեր դիտարկմանը, թե ինչպես հաջողվեց հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին այսպես արձագանքեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Քաղաքագետը նկատում է՝ պարզապես պետք է հպարտանալ այդ երիտասրադներով, որոնք կարողացան Հայաստանի ապագայի համար լուծել կարեւորագույն խնդիր, ինչը չէր հաջողվել նրանց հայրերին։ Իսկ նրանք, ըստ քաղաքագետի, թույլ չտվեցին, որ Հայաստանը դառնա Ադրբեջան։ Ի՞նչ պետք է անեն քաղաքական ուժերը, որպեսզի Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո երկրում չստեղծվի ապակայունացնող իրավիճակ։

«Բնականաբար, հաջորդ քայլը պետք է լինի նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը եւ խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացումը։ Կարծում եմ, պետք է փոխվի ռեյտինգային համակարգը, իսկ փողոցում կանգնած ժողովուրդը կպարտադրի այդ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը։ Պետք է խստացվի ընտրակաշառքների համար պատիժը, որից հետո էլ հնարավոր կլինի անցկացնել նորմալ ընտրություններ»,-ասաց Երվանդ Բոզոյանը։

Աղբյուրը՝ Hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը