Լրահոս

15.02.2010 13:53


Տիգրան Թորոսյան. «Սերժ Սարգսյանի ելույթի վերնագիրը չէր համապատասխանում բովանդակությանը»

Տիգրան Թորոսյան. «Սերժ Սարգսյանի ելույթի վերնագիրը չէր համապատասխանում բովանդակությանը»

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նախագահ  Սերժ Սարգսյանի լոնդոնյան ելույթին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանն ասել է, թե հավանաբար նրանք, ովքեր պատրաստում են նախագահի ելույթները, լավ չեն պատկերացնում  ո՛չ լսարանը, ո՛չ խնդիրները, և այդ պատճառով ելույթի ո՛չ բովանդակությունը, ո՛չ կառուցվածքը չէին համապատասխանում այն լսարանին, որտեղ տեղի էր ունենում ելույթը.

-Ավելին, անգամ ելույթի վերնագիրը չէր համապատասխանում բովանդակությանը, և պատահական չէր, որ տարբեր տեղերում ելույթի վերնագիրը հետագայում փոխված ներկայացվեց։ Վերնագիրը հետևյալն է՝ «Արժեքները և անվտանգությունը Հարավային Կովկասում», մինչդեռ ելույթը բաղկացած էր երեք հատվածներից։ Առաջինում Սերժ Սարգսյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի խնդրին, երկրորդում՝ ցեղասպանության խնդրին, երրորդում, չգիտես ինչու, Մեծ Բրիտանիայի և Հայաստանի կապերին։

Այս տեսանկյունից Տիգրան Թորոսյանն ասել է, որ երկու երկրներին պարտադիր անդրադարձը հատուկ էր խորհրդային տարիների պետական ղեկավարների ելույթներին։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա պետք է ներկայացվեին Հայաստանի մոտեցումները խնդրի կարգավորմանը. «Ելույթում հնչեցին ձևակերպումներ, որոնք շատ վաղուց են հայտնի»։

Տիգրան Թորոսյանի կարծիքով՝ նման վերնագրով ելույթն անպայման պետք է անդրադառնար 2008թ. օգոստոսին ռուս-վրացական  պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը