Քաղաքական

21.04.2018 21:07


Արցախի ԱԺ քաղաքական ուժերը կոչ են անում երկխոսությամբ հասնել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը

Արցախի ԱԺ քաղաքական ուժերը կոչ են անում երկխոսությամբ հասնել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղցաքական ուժերը՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, Հայ Հեղափոխական դաշնակցությունը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը և «Շարժում-88» կուսակցությունը հայտարարություն են տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Արցախում խորը անհանգստություն կա վերջին օրերին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում ծավալվող իրադարձությունների շուրջ: Դժվար չէ պատկերացնել թիկունքի ամրության այն զգացողությունը, որն անչափ պահանջված է Արցախում ապրող հայ մարդու և սահմանը պահող զինվորի համար:

Մեր պետականությունը սրբություն է աշխարհի բոլոր հայերի համար, որ ձեռք է բերվել հազարավոր անդառնալի կորուստների և զոհաբերությունների գնով: Ընդամենը երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք համոզվեցինք՝ որքան փխրուն է խաղաղությունը Արցախի և Հայաստանի սահմանին, և որքան ուժեղ է հայ զինվորը, երբ թիկունքում ունի ազգի անվտանգությունը առաջնային դասող, պետականության հիմքերն անսասան պահող հասարակություն:

Խիստ մտահոգիչ են լարվածության ծայրահեղ դրսևորումներով զարգացումները, որոնք սպառնում են ազգային անվտանգության կարևոր հիմքերին՝ ներքին կայունությանն ու պետության պաշտպանունակությանը: Մեր ժողովրդին մշտապես հաջողվել է ողջախոհության ու համախմբվածության շնորհիվ արժանապատվորեն հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերը, ապավինելով հայ ժողովրդի խոհեմությանն ու հեռատեսությանը, կոչ են անում հանուն Հայրենիքի խաղաղության ու համազգային համերաշխության՝ զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից և օրինականության ու երկխոսության ճանապարհով հասնել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը»:

Այս խորագրի վերջին նյութերը