Մեկնաբանություն

21.04.2018 15:35


Ո՞րն է լինելու հանգուցալուծումը

Ո՞րն է լինելու հանգուցալուծումը

Երեկ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում հրապարակեց իր պահանջները: Այսօր արդեն Սերժ Սարգսյանը քաղաքական երկխոսության կոչ է արել Փաշինյանին:

«Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ»,- մասնավորապես նշված է Սարգսյանի կոչում:

Նկատենք, որ Սարգսյանն իրականում ոչ թե երկխոսության, այլ հանձնվելու կոչ է արել Փաշինյանին՝ սպառնալով, որ կարող են անդառնալի կորուստներ լինել: Սա, փաստացի, ուժ կիրառելու պատրաստակամության մասին հայտարարություն է:

Սարգսյանն իր զգուշացումով նախևառաջ միջազգային ասպարեզում փորձում է նախապես ապահովագրվել կանխատեսելի հետևանքներից՝ «Ես երկխոսության կոչ արեցի, իսկ հեղափոխականները չհամաձայնեցին» թեմայով:

Ինչի՞ շուրջ պետք է երկխոսեն Փաշինյանն ու Սարգսյանը

Փաշինյանի հրապարակած պահանջների կետերը հետևյալն են՝

1.Սերժ Սարգսյանի հրաժարական,

2.Նոր վարչապետի ընտրություն ԱԺ-ում,

3.Ժամանակավոր կառավարության ձևավորում,

4.ԱԺ լուծարում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ,

5.Այս կետը ընդհանուրի հետ չի հրապարակվել, բայց Փաշինյանը կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է Սարգսյանի հեռացումից հետո կասեցվի:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա իր պահանջները հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրությամբ ու Ընտրական նոր օրենսգրքով, ըստ որոնց, իր նպատակը 3-րդ ժամկետով ու ցմահ իշխանության ղեկին մնալն է (ի դեպ, Սարգսյանի այդ նպատակն է իր դեմ կոնսոլիդացրել փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր մարդկանց ու գրեթե բոլորին ողջ Հայաստանում ու Սփյուռքում):

Ինչպես տեսնում ենք, Փաշինյանի ու Սարգսյանի պահանջներն ու նպատակները փոխբացառող են: Չկա հատման կետ: Երկուսն էլ կապիտուլյացիա են առաջարկում դիմացինին: Մեկը դա անում է բացահայտ, մյուսը՝ քողարկված ձևով:

Նիկոլն արդեն արձագանքել է ՀՀԿ ղեկավարի կոչին՝ նշելով, որ պատրաստ է երկխոսության միայն Սերժ Սարգսյանի հեռացման պայմանների շուրջ քննարկում կազմակերպելու նպատակով:

Հասկանալի է, որ Սարգսյանը չի ուզում հրաժարական տալ, իսկ Փաշինյանը չի կարող ու նաև չի ուզում Սարգսյանի հրաժարականից բացի այլ պահանջ ներկայացնել, քանզի հանրային տրամադրություններն ու հրապարակի էներգետիկան են այդպիսին: Մարդիկ փողոց են դուրս եկել «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսով և պարզ է, որ այլ բան չեն պատկերացնում, քան Սարգսյանի հրաժարականը:

Մի խոսքով, երկխոսության թեմա գոնե այս պահին չի երևում:

Ինչպես փորձն է ցույց տվել, Սարգսյանի նպատակը երկխոսության իմիտացիան է, այլ ոչ թե իրական երկխոսությունը՝ երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման շուրջ:

Երկխոսության շղարշի տակ նա ուզում է իր դեմ շարժումը մաշեցնել ու մարել և վերջնարդյունքում պահպանել առկա վիճակը, իսկ Փաշինյանի ու կարելի է ասել մեր ժողովրդի մեծ մասի նպատակը՝ առկա վիճակը փոխելը և որպես նախապայման՝ Սարգսյանի հեռացումն ապահովելն է:

Սարգսյանը իր ընդդիմախոսներին «երկխոսացնելու» երկարամյա փորձ ունի և հիմա դիմում է նույն մեթոդի օգնությանը: Փաշինյանը շատ լավ գիտի Սարգսյանի մեթոդները և, բնականաբար, խուսափելու է նախորդ «երկխոսացվածների» ճանապարհով գնալուց: Արդյունքում՝ ստանում ենք նյարդերի ու ռեսուրսների պայքար: Պետական ապարատում ճաքերի բացակայության պայմաններում սա փակուղային ու նաև բախումնածին իրավիճակ է:

Ի՞նչ է սպասվում

Ստեղծված իրավիճակից գոնե կարճաժամկետում կա երկու ելք՝

1.Սերժ Սարգսյանի հրաժարական,

2.Հեղափոխականների պարտություն:

Թե որ տարբերակը կունենանք, ամեն մի ընթերցող կարող է գնահատել ուժերի հաշվեկշիռը և համապատասխան եզրակացություն անել:

Ինչպիսի ելք էլ լինի, ամենակարևորը, որ չլինի արյունահեղություն: Սերժ Սարգսյանը պետք է իմանա, որ արյունահեղության դեպքում ինքն է լինելու թիվ մեկ պատասխանատուն:

Ինչ վերաբերում է իրերի առկա դրությունից միջնաժամկետ ու երկարաժամկետ ելքերին, ապա պարզ է, որ պետք է հասնել «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» ծրագրի կյանքի կոչմանը: Ծրագիր, որը ոչ թե անձի, այլ գործող համակարգի մերժմանն ու նոր Հայաստանի կառուցմանը պետք է միտված լինի:

Երիտասարդներն ու պատանիներն իրենց ակտիվությամբ դրել են նոր Հայաստանի կառուցման իմպերատիվ պահանջը: Որդիներն ընդվզել են, մնում է, որ հայրերն արձագանքեն:

Երեխեքը կարմիր քարտ ցույց տվեցին փտած քաղաքական վերնախավին՝ իշխանությունից մինչև ընդդիմություն: Դա նշանակում է, որ կա քաղաքական նոր վերնախավի ձևավորման սուր պահանջ: Որքան հետևողական լինեն երիտասարդները և համառ, այնքան որակյալ լուծումների կհասնենք միասին:

Բոլորը պետք է հասկանան, որ սպասվում է տևական ու դժվար պայքար՝ անխուսափելի հաղթանակի վերջնարդյունքով:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը