Քաղաքական

20.04.2018 20:47


Ցուցարարներն արգելափակել են Վիգեն Սարգսյանի ծառայողական ավտոմեքենան

Ցուցարարներն արգելափակել են Վիգեն Սարգսյանի ծառայողական ավտոմեքենան

ՀՀ պաշտպանության նախարարը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, հանդիսանում է պետական պահպանության ենթակա անձ, ում տեղաշարժի արհեստական սահմանափակումներն անթույլատրելի են։ Ըստ այդմ՝ բացարձակ անընդունելի է, երբ պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենան արգելափակվում է անհայտ անձանց կողմից։

Նշված դեպքում, ապրիլի 20-ին, ժամը 18։00-ի սահմաններում, Կոմիտաս և Տիգրանյան փողոցների խաչմերուկում ցուցարարները, որոնց մեջ նաև ակնհայտ սադրիչներ և անչափահասներ են եղել, ոչ միայն արգելափակել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ աշխատավայր վերադարձող ծառայողական ավտոմեքենան, այլև անտեսել են անվտանգության ծառայության աշխատակիցների՝ մեքենան ապաարգելափակելու վերաբերյալ քաղաքակիրթ հորդորները, հարվածներ հասցրել ուղեկցող ավտոմեքենային, իսկ դիմակավորված ցուցարարներից մեկը փորձել է բացել պաշտպանության նախարարի ավտոմեքենայի դուռը։

Ստեղծված իրադրությունում նախարարի անվտանգությունն ապահովող աշխատակիցները ստիպված են եղել ուժի գործադրմամբ բացել պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը։ Պաշտպանության նախարարությունը, մտահոգություն հայտնելով տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, միաժամանակ հորդորում է չխոչընդոտել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովող կառույցի ավտոմեքենաների՝ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված տեղաշարժերը։ Դա էապես կարող է վտանգել ամեն օր մարտական խնդիր կատարող բանակի բնականոն կենսագործունեությունն ապահովող ենթակառուցվածքների անխափան աշխատանքը։

ՀՀ պաշտպանության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը