Մեկնաբանություն

19.04.2018 10:00


Կարեն Կարապետյանը չփոխեց, բայց փոխվեց (տեսանյութ)

Կարեն Կարապետյանը չփոխեց, բայց փոխվեց (տեսանյութ)

Հանրահավաքային ու ցույցային գործընթացների ներքո Կարեն Կարապետյանն անաղմուկ նշանակվեց առաջին փոխվարչապետ: Էլի մի քանիսը պաշտոնների նշանակվեցին կամ վերանշանակվեցին, բայց նախկին վարչապետի նոր կարգավիճակն է արժանի շատ հստակ գնահատականի:

Եվ այսպես, ավարտվեց հերթական դրածոյի պատմությունը: Դրածոն օգտագործվեց ՊՊԾ գնդի գրավումից հետո, օգտագործվեց ընտրությունների ժամանակ, օգտագործվեց Սերժ Սարգսյանի առաջադրման ժամանակ: Հիմա արդեն եկել է Կարապետյանի հեռացման ժամանակը: Փուլային հեռացման:

Հասկանո՞ւմ է Կարեն Կարապետյանը, որ «խուրդվել» է, թե՞ ոչ, նախապես պայմանավորվա՞ծ էր մտել այսպիսի խաղի մեջ, թե՞ ոչ, արդեն էական չէ: Էականն այն է, որ նա կատարել է գեղամյանական ֆունկցիա: Իշխանության ներսից հաճախորդի ֆունկցիա: Ընդդիմադիր դաշտում ներդրված սերժսարգսյանական բոլոր դատարկ դհոլները ծակվել են ու նա արդեն իշխանական համակարգում է փնտրում այդպիսիք: Այս անգամ փնտրել ու գտել է Կարապետյանին:

Խաբե՞լ է հանրության մի որոշ հատվածի Կարեն Կարապետյանը, թե՞ իրեն են խաբել, նույնպես էական չէ: Էականն այն է, որ նա դարձել է մեծ խաբեության գործիք:

Կարեն Կարապետյանը գլխավորում էր ՀՀԿ-ի քարոզարշավը խորհրդարանական ընտրությունների ժամանակ և խոստանում փոխել ստեղծված իրավիճակը՝ հայտարարելով, թե վարչապետ է մնալու:

Երբ շարմազանովներն ու գալուստները հայտարարում էին, թե վարչապետի իրենց անփոխարինելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է, Կրապետյանն արձագանքում էր, թե բա դա մասնավոր անձանց կարծիք է և ՀՀԿ-ն պաշտոնական որոշում չունի, այ հենց որ լինի ՀՀԿ-ի որոշումը, ինքը նոր կասի իր ասելիքը: Կարապետյանը չգիտեր կամ իրեն չիմացողի տեղ էր դնում, քանզի հետագան ցույց տվեց, որ ոչ թե ինքն է ՀՀԿ-ի որոշումը մեկնաբանելու, այլ հենց իրեն է վերապահվելու Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու «պատիվը» (մինչև այդ նա հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալ համոզողների մեջ չկա, բայց վերջում «ինքը» համոզեց):

Կարապետյանը չփոխեց: Իրեն փոխեցին: Եվ հիմա զուտ սպորտային հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե արդյոք զգո՞ւմ է, որ ինքը ոչ պակաս խաբեբայի իմիջ է ձեռք բերել, քան գլխավոր խաբեբան:

Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի որոշ ժամանակ ձգել ու մնալ աթոռին, ապա Կարապետյանին, բնականաբար, կհեռացնեն պետական կառավարման համակարգից: Ժիլետի և թմբուկի կարիք «լուսավոր» հաճախորդ Էդմոն Մարուքյանի սիրելի Սերժ Սարգսյանն այլևս չունի:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը