Քաղաքական

07.12.2010 16:00


«Երկրում իրավիճակը բավական լարված է»

«Երկրում իրավիճակը բավական լարված է»

Այսօր հրավիրված մամլո ասուլիսում անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն ասել է, թե երկրում իրավիճակը բավական լարված է։

-Երկրում իրավիճակը բավականին լարված է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով: Հիմնականում տնտեսական ոչ բարվոք լինելու համար մեղավոր է լինելու իշխանությունը: Հնարավոր կլինի՞, արդյոք, որ իշխանությունն առանց խախտումների վերարտադրվի, ցույց կտա ժամանակը: Սակայն առայժմ ձեռնարկված քայլերը դա ցույց չեն տալիս,-ասել է նա:

Ըստ Վադան Խաչատրյանի՝ ներկոալիցիոն լարումներն էլ են բնական, քանի որ քաղաքական ուժերը չեն կարող զերծ մնալ այդօրինակ լարումներից՝ անկախ նրանից՝ կոալիցիայի մե՞ջ են, թե՞ ոչ։

-Սակայն արդյոք կգնա՞ այդտեղ կեղեքում, թե ոչ, ցույց կտա ապագան։ Իսկ ընդդիմադիր թևում զարգացումներն ընթանում են, և որքանով ես եմ տեղյակ՝ դրանք, հնարավոր է, բերեն որոշակի միավորումների կամ վերամիավորումների, քաղաքական դաշտի այդ հատվածի դասավորումների ու վերադասավորումների, որի էֆեկտիվությունը կերևա արդեն ընտրապայքարում։ Ես նկատի ունեմ, որ ընդդիմադիր դաշտը պետք է ինչ-որ վերադասավորումներ անի։ Ես չկամ այդ բանակցություններում, և դժվար է ասել՝ ով ում հետ կմիավորվի,-ասել է նա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ պնդել է, թե կոալիցիոն կուսակցությունների շրջանակում որևէ տարաձայնություն չկա։

-Կոալիցիոն դաշնագրի շրջանակներում կոալիցիոն կուսակցություններն իրենց քաղաքականությունը տանում են, իսկ ներքաղաքական մրցակցություն կուսակցությունների մեջ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ, կան և կլինեն: Այստեղ էլ է բնական պրոցես: ՀՀԿ-ն իր առջև խնդիր է դրել հաղթելու, բացարձակ մեծամասնություն ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններում, և կարծում եմ, որ ՀՀԿ-ն կհասնի իր նպատակներին, և բոլորս դրանում կհամոզվենք ընտրություններից հետո,-նշել է նա:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտը ներկայացնող ՀԱԿ-ին՝ նա ասել է, թե ՀԱԿ-ը կարծես «ֆիասկո» (ձախողում) է ապրում:

-Այն հույսերը, որ նրանք ունեին, որ իշխանությունները կտապալվեն արտաքին քաղաքականության բնագավառում, ինչը  կբերի ներքաղաքական լարվածության, և իրենք այդ ճանապարհով կհասնեն իրենց ցանկություններին, տապալվեցին: Այդ առումով  ՀԱԿ-ը փնտրտուքի մեջ է, այսինքն՝ որոշում է իր ճանապարհը, թե ինչ պետք է անի այն պարագայում, երբ իշխանություններն արտաքին հարաբերությունների բնագավառում չտապալվեցին, այլ ընդհակառակը՝ յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր հանդիպման ընթացում արձանագրվում է որոշակի առաջընթաց,-նշել է Գագիկ Մելիքյանը:

Բանախոսները նաև իրենց մոտեցումներն են հայտնել այն հարցի շուրջ, թե արդյոք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իրավունք ունե՞ր իր վերջին՝ ՀԺԿ համագումարում ունեցած ելույթում, արժեզրկել քաղաքական կուսակցությունների գաղափարախոսությունը՝ ընդգծելով, թե նպատակին հասնելու համար գաղափարախոսությունն այդքան էլ կարևոր չէ:

Գագիկ Մելիքյանը նշել է, թե գաղափարախոսության արժևորումն ու արժեզրկումը մարդուց են կախված։

-Նպատակին հասնելու համար գաղափարախոսությունը բավականին կարևոր է, և նույնիսկ խիստ կարևոր, իսկ ով վարում է անգաղափարախոսություն՝ առանց գաղափարի քաղաքականություն, նա գնում է այն ճանապարհով, ինչ ճանապարհով որ գնաց այդ միտքը քարոզողը,-նշել  է նա:

Իսկ Վարդան Խաչատրյանն էլ նշել  է, թե «գաղափարախոսություն» եզրը գրեթե միշտ կիրառվում է ոչ ճիշտ։

 -Եթե խոսում ենք գաղափարախոսությունից, ապա պետք է խոսենք, թե սեփականության հանդեպ ինչպիսի՞ վերաբերմունք ունի հայացքների տվյալ համակարգը: Եթե մեզ մոտ հասարակությունն ամորֆ է և որպես այդպիսին ձևավորված չէ, դասակարգերը գտնվում են տարրալուծված վիճակում, ի՞նչ գաղափարախոսությունների կայունության մասին կարող է խոսքը լինել: Այնուամենայնիվ, գաղափարախոսություններն իրենց մեծ դերը խաղում են, բայց մեզանում դեռ ճանապարհ կա անցնելու, որպեսզի այդ գաղափարախոսությունները մտնեն մարդկանց մեջ որպես միս և արյուն։ Թե չէ, երբ այսօր ասում են՝ լիբերալ գաղափարախոսություն կրողներ, բավական դժվար է պատկերացնել, թե ո՞նց են ձևավորվել ու ի՞նչ հասարակական խավերի վրա է այն նստած. դասակարգ չեմ ասում, որովհետև մեզ մոտ դասակարգ չկա,-նշել  է նա:

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը