Աշխարհ

15.04.2018 14:53


Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի արևմտյան նախագծի շուրջ բանակցությունները կսկսվեն ապրիլի 16-ին

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի արևմտյան նախագծի շուրջ բանակցությունները կսկսվեն ապրիլի 16-ին

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացրած՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շուրջ քննարկումները նախատեսվում է սկսել երկուշաբթի, ապրիլի 16-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արևմտյան երկրներից մեկը ներկայացնող մի դիվանագետ։

Նա չի ճշտել, թե որոշակիորեն երբ են բանաձևի նախագծի համահեղինակները մտադիր այն ներկայացնել քվեարկության։

Ավելի վաղ AFP գործակալությունը հաղորդել է, որ արևմտյան եռյակը Անվտանգության խորհրդի անդամ երկրներին է փոխանցել բանաձևի սևագիր տարբերակը, որում դատապարտվում է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը, այդ թվում՝ Դամասկոսի արվարձան Դումայում ապրիլի 7-ի դեռևս չհաստատված դեպքը, և նախատեսվում է նման միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում։ Ֆրանսիայի նախապատրաստած նախագիծը Սիրիայի իշխանություններին կոչ է անում համագործակցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթուղթը նաև առնչվում է Սիրիայի մարդասիրական իրավիճակին՝ պահանջելով հրադադարի հաստատում և օգնություն ցուցաբերելու համար միջազգային կազմակերպություններին բնակչությանը հասանելիության տրամադրում, ինչպես նաև քաղաքական կարգավորում։

Դումայում ենթադրյալ քիմիական գրոհին ի պատասխան Սիրիայի նկատմամբ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիա չարտոնված հարվածներից հետո ապրիլի 14-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն Ռուսաստանի պահանջով անցկացրել է արտակարգ նիստ։ Հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանի բանաձևի նախագիծը, որը դատապարտում է արևմտյան երկրների կողմից ՄԱԿ-ի կանոնադրության խախտումը և նրանցից պահանջում հետագայում ձեռնպահ մնալ նման գործողություններից։ Փաստաթուղթը չի ընդունվել՝ անհրաժեշտ ձայներ չհավաքելու պատճառով։

Այս խորագրի վերջին նյութերը