Քաղաքական

14.04.2018 11:48


#ՄերժիրՍերժին նախաձեռնության հայտարարությունը

#ՄերժիրՍերժին նախաձեռնության հայտարարությունը

2018թ. ապրիլի 11-ին, Հայաստանի hանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) իր գործադիր մարմնի նիստում ամփոփել է Սերժ Սարգսյանի տասը տարվա նախագահական կառավարման արդյունքները: Նիստին նաև քննարկվել է ՀՀԿ կողմից առաջադրվող վարչապետի թեկնածության հարցը: ՀՀԿ խոսնակ Շարմազանովի խոսքերով, քննարկումն անցել է միասնության, համերաշխության մթնոլորտում և բոլորն՝ առանց բացառության, ընդունել են Ս.Սարգսյանի թեկնածության վերաբերյալ առաջարկությունը: ՀՀԿ գործադիր նիստը Սերժ Սարգսյանից բացի այլ անուն չի քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել, չեն եղել և որևէ մեկի մտքով չի էլ անցել:

ՀՀԿ խոսնակը հայտարարել է, որ ՀՀԿ-ն չունի «ավելի պատասխանատու», «ավելի պատրաստված», «ավելի փորձառու», «ավելի իմաստուն», «մարտահրավերներին ավելի ճիշտ դիմակայելու և պետությունն ու գործադիր մարմինն առաջնորդելու ավելի պատրաստ» թեկնածու, քան Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ հասարակությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում կառավարություն ձևավորելու մանդատը մինչև 2022 թվականը տվել է ՀՀԿ-ին, ուստի վերջինս առաջնորդվելով իր «միակ պատվիրատուի»՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատվերով առաջադրելու է Ս.Սարգսյանի թեկնածությունը:

ՀՀԿ գործադիր մարմնի նիստի առնչությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը.

1.Ս.Սարգսյանն իր կառավարման 10 տարիների համար հաշվետու և պատասխանատու պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև, այլ ոչ թե ընդամենը ննարկի արդյունքներն իր կուսակիցների հետ։

2.ՀՀԿ-ն ընտրություններում ստացել է առավել ձայներ ոչ արդար մրցակցության պայմաններում և համատարած ընտրակաշառքի միջոցով՝ օգտագործելով վարչական ռեսուրսները, ինչի խոսուն ապացույցն են ՀՀԿ օգտին ձայներ ապահովելու նպատակով ՍԱՍ խանութների ցանցում աշխատողների վրա գործադրվող ճնշումների և դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ակտիվ ներգրավման վերաբերյալ բացահայտումները:

3.2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակը ղեկավարել է ոչ թե Ս.Սարգսյանը, այլ կուսակցության ուրիշ գործիչներ: Վերջինիս անունը նույնիսկ չի օգտագործվել ՀՀԿ նախընտրական քարոզչության նյութերում, թերևս հաշվի առնելով Ս.Սարգսյանի ցածր վարկանիշը: Ուստիև, ՀՀԿ օգտին քվեարկող և որևէ քաղաքացի իր ձայնը չի տվել Ս.Սարգսյանին:

4.ՀՀԿ-ն և նրա խոսնակը Ս.Սարգսյանին համարում են․

  • «պատասխանատու»՝ այն դեպքում, երբ նա ակնհայտ ստախոս է և չի իրականացնում նույնիսկ հրապարակային կերպով տված իր խոստումները: Ս.Սարգսյանն հրաժարվում է ՀՀ վարչապետ չառաջադրվելու իր իսկ տված խոստումից: Հիշեցնում ենք նաև Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման, Երևան-Ստեփանակերտ թռիչքուղու բացման, նոր ատոմակայանի կառուցման, աղետի գոտու վերականգնման մասին նրա սին խոստումները.
  • «պատրաստված»՝ այն դեպքում, երբ նա առանց գրված տեքստի չի կարողանում ձևակերպել իր խոսքը և հայտնվում է զավեշտալի ու անհարմար վիճակներում: Զորօրինակ՝ Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցը կամ քաղաքացիների հետ ոչ պաշտոնական շփումները․
  • «փորձառու»՝ այն դեպքում, երբ նրա ապաշնորհ տնտեսական քաղաքականությունը Հայաստանի արտաքին պարտքը 1.9 մլրդ դոլարից հասցրել է 6.8 մլրդ դոլարի.
  • «իմաստուն»՝ այն դեպքում, երբ Ֆրիդոմ Հաուսի «Անցումային փուլում գտնվող պետությունների 2018թ.» զեկույցի համաձայն Հայաստանը մոտեցել է լիովին կոնսոլիդացված ավտորիտար երկրների՝ Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի և Միջին Ասիայի բռնապետությունների խմբին.
  • «մարտահրավերներին ճիշտ դիմակայելու պատրաստ»՝ այն դեպքում, երբ 2016թ. ապրիլյան պատերազմում 800 հա տարածքի կորուստը սկզբում փորձել է թաքցնել, այնուհետ այն անվանել է անպետք ու ամայի տարածք․
  • «պետությունն առաջնորդելու պատրաստ»՝ այն դեպքում, երբ մի գիշերվա մեջ ՌԴ նախագահ Պուտինի ճնշման տակ նա կտրուկ շրջել է Հայաստանի զարգացման կուրսը և երկիրը հայտնվել է Եվրասիական տնտեսական միության կազմում:

Այսքանից հետո ՀՀԿ-ն Ս.Սարգսյանին հրամցնում է որպես միակ և անփոխարինելի վարչապետ՝ ցույց տալով կուսակցության սնանկությունը, ինչպես նաև իր անպատասխանատվությունը պետության և քաղաքացիների առաջ:

Ս.Սարգսյանը իշխանության է եկել 2008թ. մարտի 1-2-ի սպանդի միջոցով, և իր իշխանությունը վերահաստատել է 2013թ. կեղծված նախագահական ընտրությունների միջոցով: 2015թ.-ին նա կեղծված հանրաքվեի միջոցով փոխել է սահմանադրությունը և կառավարման համակարգը և այժմ պատրաստվում է իշխանության վերադառնալ վարչապետի կարգավիճակով՝ փաստացի պահպանելով նախկին նախագահի հիմնական լիազորությունները:

#ՄերժիրՍերժին նախաձեռնությունը հայտարարում է, որ իր վերջնանպատակն է Հայաստանի Հանրապետությունը տեսնել որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն: Այս ճանապարհին ներկայիս հիմնական խոչընդոտը ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածու Սերժ Սարգսյանն է, որի վերարտադրության պարագայում շարունակվելու է երկրի կողոպուտը, ժողովրդի հարստահարումը, պետության թուլացումը և արտագաղթը:

#ՄերժիրՍերժին նախաձեռնություն

14.04.2018

Այս խորագրի վերջին նյութերը