Աշխարհ

12.04.2018 14:19


Գարո Փայլանի դեմ դատախազությունը պահանջագիր է պատրաստել. նա կարող է զրկվել անձեռնմխելիությունից

Գարո Փայլանի դեմ դատախազությունը պահանջագիր է պատրաստել. նա կարող է զրկվել անձեռնմխելիությունից

Անկարայի հանրապետական դատախազությունը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 8 պատգամավորի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու նպատակով պահանջագիր է պատրաստել: Պատգամավորների շարքում է նաև հայազգի Գարո Փայլանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գարո Փայլանից բացի, պահանջագրում ներառված են պատգամավորներ Օսման Բայդեմիրի, Ալիջան Օնլուի, Ֆելեքնաս Ուջայի, Սիբել Յիղիթալփի, Նադիր Յըլդըրըմի, Դիլեք Օջալանի, Միզգին Ըրգաթի անունները: Նրանք մեղադրվում են «թուրք ազգը, Թուրքիայի Հանրապետությունը, կառավարությունը, պետության զինվորին կամ անվտանգության համակարգը հրապարակայնորեն ծաղրելու», «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու», «քաղաքական կուսակցությունների կանոններին հակառակ գործելու», «հանրապետության նախագահին վիրավորելու» մեջ:

Գարո Փայլանի դեմ նախապատրաստված պահանջագրում, մասնավորապես, նշվում է, որ նա 2017 թվականի մայիսի 1-ին Կանադայում տված հարցազրույցում իր արտահայտած մտքերով «հրապարակայնորեն ծաղրել է թուրքական ազգը, Թուրքիայի Հանրապետությունը և կառավարությունը» ու «վիրավորել հանրապետության նախագահին»:

Պահանջագրերով, համաձայն երկրի սահմանադրության 83-րդ հոդվածի, նախատեսվում է պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից: Դրանք մեջլիսի նախագահությանը ներկայացվելու նպատակով ուղարկվել են Թուրքիայի արդարադատության նախարարությանը:

Թուրքիայի մեջլիսի նախագահություն ներկայացվելուց հետո հարցը քննարկման է դրվում հատուկ հանձնաժողովում, որի կազմում են մեջլիսի սահմանադրական և արդարադատության հարցերով հանձնաժողովների անդամները: Հանձնաժողովը հարցն ուսումնասիրելուց հետո պատրաստում է համապատասխան զեկույց, որը վերջնական քվեարկության է դրվում մեջլիսի նիստի ժամանակ:

Պատգամավորներն իրավունք ունեն ինչպես հանձնաժողովում, այնպես էլ մեջլիսի նիստի ժամանակ հանդես գալ պաշտպանական խոսքով: Անձեռնմխելիությունից զրկվելու պարագայում նրանք կարող են հարցը բողոքարկել Սահմանադրական դատարանում:

Այս խորագրի վերջին նյութերը