Քաղաքական

11.04.2018 11:08


Freedom House: Հայաստանում առկա է ժողովրդավարության անկում և կոռուպցիայի աճ (տեսանյութ)

Freedom House: Հայաստանում առկա է ժողովրդավարության անկում և կոռուպցիայի աճ (տեսանյութ)

Հայաստանում անցած տարվա ընթացքում արձանագրվել է ժողովրդավարության անկում եւ կոռուպցիայի աճ, վկայում են իրավապաշտպանները:

Անվանի Freedom House իրավապաշտպան կազմակերպության հաղորդմամբ, 2017-ն ընդհանուր առմամբ Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայում եւ Եվրասիայում ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության հետընթացի տարի կարելի է որակել: Լեհաստանում, Հունգարիայում 2017-ին արձանագրվել է ժողովրդավարական ինստիտուտների վերջին տասնամյակում լրջագույն անկումը:

«Հակալիբերալ քաղաքականությունն ավանդույթ է դառնում է Եվրոպայում»,-ընդգծում է չորեքշաբթի հրապարակված զեկույցում Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը:

Հայաստանում 2017-ին գրանցվել է ժողովրդավարության մակարդակի անկում, որի արդյունքում երկիրը հայտնվել է Մոլդովայի եւ Ղրղըզստանի միջեւ՝ զիջելով Ուկրաինային, Վրաստանին եւ Արեւելյան Եվրոպայի պետություններին։ Մնալով Ռուսաստանից, Բելառուսից, Ադրբեջանից եւ Կենտրոնական Ասիայի երկրներից ավելի բարձր: Հայաստանը քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակով ոչնչով չի զիջում Վրաստանին եւ Կոսովոյին, իսկ դատական համակարգի անկախության աստիճանով նույնիսկ Ուկրաինայից եւ Կոսովոյից առաջ է անցել:

Առավել ցածր ցուցանիշը ստացել են Հայաստանի ընտրական գործընթացներն ու ժողովրդավարական կառավարման ոլորտները: 2017-ին արձանագրվել է նաեւ կոռուպցիայի մակարդակի որոշակի աճ:

Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը վատագույն եռյակում են: Բելառուսի, Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ միասին, Ադրբեջանը պաշտոնապես ավտորիտար պետությունների շարքին է դասվում: «Ավտորիտար պետությունները անհաջողակներ են, որոնք առաջինն են իրենց վրա զգացել 2008-ի եւ 2014-ի տնտեսական անկումները»,-ընդգծում են Freedom House-ի զեկույցի հեղինակները:

Հատկապես վտանգավոր է Ռուսաստանում եւ Ադրբեջանում նկատվող ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ ճնշումներն ու մեղադրանքները, որոնց միջոցով իշխանությունները լռեցնում են պաշտոնական դիրքորոշման հետ չհամաձայնվող հասարակության ձայները:

Պուտինը, Ալիեւը եւ Լուկաշենկոն հասցրել են իրենց երկրներն այն վիճակի, որ այլեւս ի վիճակի չեն ավտորիտար համակարգի դեմ ուղղված որեւէ բարեփոխումներ կատարել, քանի որ նրանք անձամբ են ավտորիտար համակարգ դարձել, ընդգծում են իրավապաշտպանները: Ուստի, այդ երկրներում ժողովրդավարական լուրջ փոփոխություններ հնարավոր են միայն այդ ղեկավարների հեռանալուց հետո:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը