Քաղաքական

09.04.2018 11:20


ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում՝ ԱԺ հատուկ նիստում, Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունն է տեղի ունեցել։ Հրավիրված էին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի հասարակական ու քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, պաշտոնատար անձինք, լրատվամիջոցների ղեկավարներ:

Հատուկ նիստը բացել է Ազգային ժողովի նախագահը:

Այսօր առավոտյան ՀՀ սահմանադրական դատարանից՝ Սահմանադրության մայր օրինակը, Մատենադարանից` 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը բերվել են ՀՀ նախագահի նստավայր:

ՀՀ պետական դրոշը և Նախագահական իշխանության խորհրդանշանը Հանրապետության նախագահի համհարզները հանձնել են պատվո պահակախմբի զինվորներին: ՀՀ Սահմանադրության մայր օրինակը ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանին է հանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, իսկ Վեհամոր Ավետարանը Հովնան եպիսկոպոս Հակոբյանին է հանձնել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Այնուհետև ՀՀ պետական դրոշի և նախագահական իշխանության խորհրդանշանի հետ միասին ՀՀ Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը տեղափոխվել են երդմնակալության արարողության վայր:

Նորընտիր նախագահը երդվել է` աջ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա՝ հնչեցնելով հետևյալ տեքստը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Դրանից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է տվել։ Վերջում պաշտոնը ստանձնած նախագահն իր առաջին ուղերձն է հղել և նիստն ավարտվել է։

Այսօր կառավարությունն էլ կներկայացնի իր հրաժարականը, որից հետո` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ։ Վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։ Մինչև նոր կառավարության ձևավորումը կառավարության բոլոր անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները։

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում։

Կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետերից և 17 նախարարներից։

Այսօր ավարտվում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը ևս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը