Քաղաքական

08.04.2018 23:36


Լավրովն արցախյան հակամարտության մասին. «Նոր գաղափարներ կան` մենք արդյունքի կհասնենք»

Լավրովն արցախյան հակամարտության մասին. «Նոր գաղափարներ կան` մենք արդյունքի կհասնենք»

Արցախյան հակամարտության կարգավորումը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի առաջնահերթություններից մեկն է: Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։ Ամբողջական տեքստը հասանելի է ՌԴ ԱԳՆ կայքում։

Ինչպես հիշեցրեց Լավրովը` Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ անդամ է և այդ պաշտոնում թե կոլեկտիվ ջանքեր է գործադրում մյուս երկու համանախագահների հետ (Ֆրանսիայի և ԱՄՆ-ի) և ջանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համանախագահների ընդհանուր ուղղվածության մեջ սեփական նախաձեռնություններն առաջ քաշել` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հետ առանձնահատուկ կապերը։

«Այն աշխատանքը, որը տարվել է 2009-2011 թվականներին, իսկապես բավական ինստենսիվ է եղել։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մոտ 10 հանդիպում են ունեցել»,-ասել է Լավրովը։

Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, համանախագահները լուրջ դրական արդյունքներ էին ակնկալում Կազանում տեղի ուենցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից (2011 թվականի ամռանը)։

«Փաստաթղթերի նախագծերում, որոնք նախապատրաստել էր ռուսական կողմը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների աջակցությամբ, հաշվի էին առնվել, ինչպես մեզ էր թվում, Երևանի և Բաքվի բոլոր մտահոգությունները հավասարակշիռ ձևով»,-ընդգծել է նա։

Այնուամենայնիվ, Սերգեյ Լավրովի խոսքով, գագաթնաժողովի ընթացքում լրացուցիչ հարցեր և մեկնաբանություններ առաջացան։

«Այդպես լինում է։ Մենք դրանից առանձնահատուկ ողբերգություն չենք սարքում։ Աշխատանքը շարունակվելու է։ Համոզված եմ, որ մի շարք բաներ, որոնք ներառված են «Կազանի փաստաթղթում», նախկինի պես պահանջված են»,-նշել է նա։

Միևնույն ժամանակ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ այդ օրվանից անցած մոտ 7 տարվա ընթացքում որոշակի նոր գաղափարներ են ծնվել, որոնք համանախագահներն այժմ փորձում են առաջ տանել կողմերի հետ հանդիպումների ընթացքում։

«Կարևորը հետ կանգնել այն անվստահությունից, որը դեռ նախկինի նման երբեմն նկատվում է բանակցությունների ընթացքում, և կենտրոնանալ իրատեսական, պրագմատիկ գաղափարների վրա, որոնք բավական շատ են»,-ասել է նա։

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ այդ գաղափարները պարզապես պետք է թղթին հանձնել, ու թեև կոնցեպտուալ առումով կողմերը համաձայն են, որ դա անհրաժեշտ է անել, սակայն երբ ամեն ինչ սկսում է ձևակերպվել հստակ սահմանումներով, ինչպես և այլ իրավիճակներում, բարդություններ են առաջանում։

Լավրովն ընդգծել է, որ համանախագահները մտադիր են հետևողականորեն հաղթահարել այդ դժվարությունները և արդյունքի հասնել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը