Կարծիք

07.04.2018 22:55


Ահա՛, նրա Սիրո Սահմանը (լուսանկար)

Ահա՛, նրա Սիրո Սահմանը (լուսանկար)

Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Հասմիկ Չարենցն իր «Սիրո սահմանը» հայերեն և անգլերեն բանաստեղծությունների ժողովածուն ինձ նվիրել է 2005-ին՝ հանճարեղ պապի տուն-թանգարանում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ:
2005-ի այդ օրն ինձ համար անմոռաց է. Հասմիկը Հոլանդիայից եկել էր, որ իր գիրքը ներկայացներ Մեծն Չարենցի, այն է՝ իր ընտանիքի հարկի ներքո:
Լեփ-լեցուն դահլիճ, չարենցասարսուռ մթնոլորտ, առինքնող հանդիսավորություն...
Հասմիկ Չարենցն էլ ավարտել է նույն՝ Երևանի պետական Գեղարվեստաթատերական ինստիտուտը, որտեղ ես եմ ուսանել ու ավարտել: Բայց իմ ուսանողության տարիներին նա արդեն դասավանդում էր մեր ինստիտուտում: Ամեն օր մենք նրան տեսնում էինք ինստիտուտի հռչակավոր բակում՝ բուֆետին հարակից բացօդյա սրճարանում՝ «ջինսերի մեջ» սիգարետը ձեռքին` սուրճ վայելելիս: Նույն տեղում, ամեն օր տեսնում էինք նաև հայ արվեստի ու գրականության նշանավոր դեմքերի, նրանց երեխաներին ու թոռներին, բայց ուսանողներս ձգտում էինք միանալ այն սեղանին, որտեղ նստած էր Հասմիկ Չարենցը: Մի տեսակ ուղեղներումս չէր տեղավորվում, որ մենք շփվում ու զրուցում ենք Չարենցի թոռան հետ, որը չափազանց համեստ ու անմիջական էր, միաժամանակ՝ չարենցավարի անմատչելի ու խորը:
Ափսոսանք ապրեցի, որ ուշացումով իմացա և չկարողացա մասնակցել այսօր Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցած միջոցառմանը, որը նվիրված էր Հասմիկ Չարենցի կյանքին և ստեղծագործությանը: Հասմիկը չի կարողացել ներկա լինել, որովհետև դեռ շարունակում է Հոլանդիայի հիվանդանոցներից մեկում ապաքինվել:
Սիրելի Հասմիկ, քեզ ամուր առողջություն եմ մաղթում։

Տարիներ առաջ Հասմիկ Չարենցն իր ՖԲ-յան էջում գրել է.

«Ես Հասմիկ Չարենցն եմ...Ճակատագրի բերումով ապրում եմ եվրոպական մի փոքրիկ քաղաքում, ուր երկինքը գորշ է, արևը պաղ, ճենապակե ափսեի պես, ուր անձրևը անշարժացած է օդի մեջ ու ոչ մի կարպ ցած չի թափվում: Եվրոպական այդ փոքրիկ քաղաքում կյանքը սահում է հանդարտ ու աննկատ: Ցերեկը զբաղվում եմ հազար ու մի աննշան, անկարևոր բաներով, բայց երբ գիշեր է գալիս, երբ քաղաքը քնում է ու լռում են վերջին շշուկները, ես թաքուն բացում եմ իմ բնակարանի դուռը ու գալիս եմ Երևան... Անցնում եմ բոլոր փողոցներով, բոլոր ցայտաղբյուրներից ջուր եմ խմում, բոլոր ընկերներիս հյուր եմ գնում... Հետո շատ զգույշ մտնում եմ այն տղամարդու ննջարանը, ում սիրում եմ ամեն ինչից առավել... Կամացուկ նստում նրա մահճակալի եզրին... վերմակը ուսից ցած է սահել, ծածկում եմ, որ չմրսի: ...Ամեն գիշեր, երբ եվրոպական մի փոքրիկ անձրևոտ քաղաքում լռում են բոլոր շշուկները, ես բացում եմ իմ բնակարանի դուռը ու գալիս եմ...Երևան...Մենք ապրում ենք միևնույն քաղաքում, սիրելիս...»:

Ահա՛, նրա Սիրո Սահմանը...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը