Աշխարհ

05.04.2018 17:50


Թուրք ռեժիսոր. «Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելուց հետո Թուրքիայում ինձ ազգի թշնամի են համարում»

Թուրք ռեժիսոր. «Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելուց հետո Թուրքիայում ինձ ազգի թշնամի են համարում»

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած, ծագումով թուրք, գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքընը թուրքական «Tuhaf» հանդեսին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է Թուրքիայում տիրող ռասիստական տրամադրությունների մասին։

Աքընը նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմի ստամբուլյան ցուցադրությունից հետո արդեն 3 տարի է, ինչ ինքը չի եղել Թուրքիայում։ Ռեժիսորը, Թուրքիայում աճող այլատյացության վրա ուշադրություն հրավիրելով, ասել է. «Թուրքիան ծանր ժամանակաշրջան է ապրում, և դա ինձ իրականում մտահոգում է։ Ատելությունը և այլատյացությունը թունավորել են ամբողջ երկիրը։ Թուրքական հասարակության մեջ դրանք խորը արմատներ են գցել։ Նախկինում էլիտար խավը շահագործում էր գավառականներին, հիմա գավառականները վերցնելով իշխանությունը, վրեժ են լուծում։ Այսօրվա Թուրքիայից պետք է հեռու մնամ. այս պահին այնտեղ ֆիլմ նկարահանելու մտադրություն չունեմ: Եթե փորձեմ ինչ-որ բան նկարահանել, ամենայն հավանականությամբ կձերբակալվեմ: «Սպի» ֆիլմից հետո այնտեղ ինձ հավանաբար ազգի թշնամի են համարում»։

Հիշեցնենք, որ «Սպի» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է: Այն պատմում է տեղահանված մի հայի՝ մարդինցի դարբին Նազարեթ Մանուկյանի դեգերումների մասին։ Հայոց ցեղասպանության տարիներին նա կորցնում է իր երկվորյակ դստրերին։ Տարիներ անց, իմանալով, որ նրանք կարող են ողջ լինել, ճանապարհ է ընկնում նրանց փնտրելու։ Ֆիլմի սցենարը հեղինակել են թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը և իրանահայ Մարտիկ Մարտինը։

138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը