Քաղաքական

12.02.2010 14:02


Տիգրան Սարգսյան. «Դուր է գալիս դա մեր ընդդիմադիրներին, թե ոչ, մենք բոլորս ստիպված ենք հաշվի նստել այս իրողության հետ»

Տիգրան Սարգսյան. «Դուր է գալիս դա մեր ընդդիմադիրներին, թե ոչ, մենք բոլորս ստիպված ենք հաշվի նստել այս իրողության հետ»

-ՀՀ նախագահի ելույթը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ սա խոր գիտակցված մոտեցում է, և ՀՀ իշխանությունները քաղաքական կամք են դրսևորում՝ կոտրելու Հայաստանի ու Թուրքիայի միջև ձևավորված կարծրատիպերը և նոր հարաբերություններ հաստատելու,-«Էրեբունի» բիզնես կենտրոնում «Հայ-թուրքական հարաբերություններ և միջսահմանային ռեգիոնալիզմ» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նա նշել է, որ ճիշտ կլինի այդ հարաբերությունները դիտարկել երեք հարթություններում։ Առաջինն այն է, թե ինչ պետք է անեն իշխանությունները, և որն է նրանց պատասխանատվության մասը, երկրորդը՝ ինչպե՞ս է հայ հասարակությունն ընկալում ստեղծված իրավիճակը, երրորդը՝ ինչպե՞ս է միջազգային հանրությունն արձագանքում հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը։

Առաջին հարթությանն անդրադառնալով՝ Տիգրան Սարգսյանը շեշտը դրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձի վրա՝ նշելով, որ դա ևս մեկ անգամ հաստատում է հարցի հանդեպ  ՀՀ նախագահի վճռականությունը։ Այս տեսանկյունից նա նշել է, թե ուրախ է, որ իշխանությունների քաղաքական դիրքորոշումն ընդունվում է, և ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու ԵՄ-ի կողմից բոլորը Հայաստանին սատարում են, որպեսզի գնա այդ ուղղությամբ։ Նա նշել է, որ դրանով ՀՀ նախագահը նոր էջ բացեց հայ-թուրքական հարաբերություններում, և այժմ գործ ունենք նոր իրողության հետ. «Դուր է գալիս դա մեր ընդդիմադիրներին, թե դուր չի գալիս, մենք բոլորս ստիպված ենք հաշվի նստել այս իրողության հետ»։ Նա նշել է, թե ՀՀ նախագահի երկրորդ կարևոր թեզն այն էր, որ երկկողմ հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել երրորդ երկրի հետ հարաբերություններով ու պետք է լինեն առանց նախապայմանների։ Եվ հենց դրա մասին է վկայում նաև ՀՀ ՍԴ որոշումը։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ՀՀ նախագահը հավաստիացրել է, թե ԱԺ-ում մեծամասնություն ունենալով՝ իշխանությունը վստահ է, որ եթե արձանագրությունները Թուրքիայի կողմից վավերացվեն, մեր կողմից վավերացման հետ կապված որևիցե խոչընդոտ չի լինի։

Նախագահի ելույթի երրորդ կարևոր թեզը, վարչապետի խոսքերով, այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը և սահմանի բացումը կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերություններին։

-Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ պահն է, որպեսզի երկու երկրների նախագահները քաղաքական կամք դրսևորեն գնալու առաջ՝ արձանագրությունները վավերացնելու և սահմանները բացելու համար։ Այս փուլում շատ ավելի մեծ դերակատարություն ունեն քաղաքական իշխանությունները, որոնցից շատ բան է կախված,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը։

Երկրորդ հարթությանն անդրադառնալով՝ վարչապետը նշել է, որ շատ կարևոր է, թե ինչպես է հասարակությունն ընկալում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ռազմավարությունը։ Նա նշել է, որ կան ուժեր, որոնց ընկալումները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ռազմավարություն վերաբերյալ համահունչ չեն իշխանության ընկալումներին, ինչն իրենք բնական են համարում։

Երրորդ հարթության մասին խոսելիս նա նշել է, թե պետք է գիտակցել, որ Հայաստանի և Թուրքիայի իշխանություններն այսօր բացառիկ հնարավորություն ունեն, քանի որ հազվադեպ է լինում, երբ համաշխարհային քաղաքական դաշտի հիմնական խաղացողները միատեսակ մոտեցում ունեն, և այդ բացառիկ հնարավորությունից պարտավոր են օգտվել թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի իշխանությունները։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը