Աշխարհ

03.04.2018 19:22


Աշխարհի մտավորականների արձագանքը ուսանողների ձերբակալմանը Թուրքիայում

Աշխարհի մտավորականների արձագանքը ուսանողների ձերբակալմանը Թուրքիայում

Աշխարհի 37 երկրի 1250 մտավորականներ արշավ են սկսել՝ ի պաշտպանություն Թուրքիայի Բողազիչի (Բոսֆոր) համալսարանի ուսանողների, ովքեր ձերբակալվել էին Աֆրինում Թուրքիայի գործողությունների դեմ բողոքելու համար։

Արշավի մասնակիցներից են աշխարհահռչակ լեզվաբան, փիլիսոփա և գրող Նոամ Չոմսկին (Խոմսկի), կին փիլիսոփա Ջուդիթ Բոաթլերը, հասարակական գործիչ Դեյվիդ Գրեբերը, կենսաբան, նոբելյան մրցանակի դափնեկիր Էրիկ Վիշաուսը և ուրիշներ։

Վերջիններս նամակ են հղել Նյու Յորքում և Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի հյուպատոսարաններին, ՄԱԿ-ին, Եվրամիության պաշտոնյաններին, ինչպես նաև Բողազիչի համալսարանի ռեկտորին, որտեղ կոչ է արվել ազատ արձակել ուսանողներին։

Նամակում մտավորականները խոսք են տվել, որ իրենց ձեռքի տակ եղած բոլոր լծակներով, այդ թվում սեփական հնարավորություններով, աջակցելու են ուսանողներին։

Ավելի վաղ բրիտանական «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հրատապ արշավ էր սկսել՝ ի պաշտպանություն Թուրքիայում ձերբակալված ուսանողների։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Բողազիչի համալսարանում մի խումբ ուսանողներ քաղցրավենիք (լոխում) էին բաժանել՝ ի պատիվ Աֆրինում թուրքական ուժերի հաղթանակի։ Այդ երևույթից վրդովված մեկ այլ խումբ ուսանողներ բողոքել էին նման քայլի դեմ՝ հայտարարելով, որ բռնազավթման և կոտորածի պատվին լոխում բաժանել չի կարելի։

Միջադեպից օրեր անց ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այդ ուսանողները ահաբեկիչներ են և նրանք կհեռացվեն համալսարնից։ Մարտի 22-23-ին Աֆրինի գործողությունների դեմ բողոքած ուսանողները ձերբակալվել էին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը