Աշխարհ

03.04.2018 17:50


Իրաքում 6 թուրք կին մահապատժի է դատապարտվել

Իրաքում 6 թուրք կին մահապատժի է դատապարտվել
Ապրիլի 2-ին Իրաքում 6 թուրք կին դատապարտվել է մահապատժի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար։

Որոշումը կայացրել է Բաղդադի դատարաններից մեկը։ Մեկ թուրք կին էլ նույն մեղադրանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Նշվում է, որ Իրաքում դեռևս կան թուրքեր, որոնք մեղադրվում են ԻՊ-ին անդամակցելու մեջ։ Թուրքիան այժմ բանակցություններ է վարում Իրաքի իշխանությունների հետ, որպեսզի նշյալ մարդիկ արտահանձնվեն։ Սակայն ինչպես վկայում է աղբյուրը, Իրաքը չի պատրաստվում Թուրքիային արտահանձնել:

Ավելի վաղ Բաղդադի քրեական դատարանը մահապատժի էր դատապարտել Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 15 կանանց, որոնք ևս մեղադրվում էին ԻՊ-ին անդամակցելու մեջ։

2017-ի դեկտեմբերին ԻՊ-ի նկատմամբ հաղթանակ տարած Իրաքում ահաբեկչական կազմակերպության անդամների կամ նրանց ազգական հանդիսացող ավելի քան 560 կին է ձերբակալվել: Փորձագետների կարծիքով Իրաքում ԻՊ-ի անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվածների թիվն այս պահին անցնում է 20 հազարը:

Տեղեկացնենք, որ իրաքյան օրենքներով խիստ պատիժներ են սահմանված բոլոր նրանց համար, ովքեր որևէ աջակցություն են ցուցաբերել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Կարող են մահվան դատապարտվել նույնիսկ ԻՊ անդամ հանդիսացող, սակայն ահաբեկչական կազմակերպության կողմից ակտիվ ռազմական գործողություններին չմասնակցած անձինք:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը