Աշխարհ

03.04.2018 13:53


Աֆրինում հունվարի 20-ից մարտի 30-ը սպանվել է Թուրքիայի ԶՈւ 52 զինծառայող

Աֆրինում հունվարի 20-ից մարտի 30-ը սպանվել է Թուրքիայի ԶՈւ 52 զինծառայող

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրապարակած հաղորդագրությունում նշվում է, որ 2018 թ. հունվարի 20-ից մարտի 30-ը Սիրիայի Աֆրինի գործողության արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 52 զինծառայող: Փոխանցում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Ըստ թուրքական կողմի տվյալների՝ նույն ժամանակահատվածում Աֆրինում քրդերի դեմ գործողություններում վիրավորվել է Թուրքիայի զինուժի 229 զինծառայող:

Նկատենք, որ պաշտոնական Անկարան իր կորուստների ցուցակում չի ընդգրկում իր հովանավորությամբ Աֆրինում կռվող «Սիրիայաի ազատ բանակ» խմբավորման տասնյակ զինյալների: Հատկանշական է, որ հիմնական կորուստները եղել են սկզբնական շրջանում, երբ քրդական ուժերը բավականին մեծ դիմադրություն էին ցուցաբերում:

Հատկապես այդ ժամանակ Թուրքիան ցամաքային գործողություններին առավելապես հենց զինյալներին էր ներգրավում: Սրանից հետևում է, որ թուրքական կողմի կորուստների մեծագույն մասը հենց զինյալների շարքերից պետք է լինեին, ինչն ընդհանուր վիճակագրությունից դուրս է մնում:

Հավելենք, որ, համաձայն թուրքական կողմի նույն պաշտոնական տվյալների, քրդերի կորուստները կազմել են 3820: Թուրքիայի Զու ԳՇ-ն նշում է, որ բոլորը «ահաբեկիչներ» էին, սակայն հայտնի է, որ Թուրքիայի ԶՈւ գործողությունների, մասնավորապես ավիահարվածների, հրետակոծությունների արդյունքում նաև բազմաթիվ խաղաղ բնակիչներ են սպանվել Աֆրինում:

Ներկայում Սիրիայի Աֆրին շրջանի մեծագույն մասը, այդ թվում՝ կենտրոն Աֆրին քաղաքը, Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ են:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը