Լրահոս

02.04.2018 21:09


Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ»-ում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ (տեսանյութ, լրացված)

Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ»-ում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ (տեսանյութ, լրացված)

Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական խորհրդատվության գծով ՀԱԲ հրահանգիչը:

Պարզվել է, որ Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն:

Պայթյունի հետևանքով վնասվել են խոհանոցը (60 քմ), սպասարկման տաղավարը՝ մոտ 2 քմ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, 2 գարեջրի տարա (40 լ) և սպասքի պարագաներ:

***

ԱԻՆ փոխգնդապետ Մինասյանը լրագրողներին հայտնել է, որ տուժածներից մեկը 8-ամյա երեխա է, ում վիճակը ծանր է։ Նաև տուժել է «Բուրգեր Քինգ»-ի 19-ամյա աշխատակցուհին։

***

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողներին հայտնել է, որ նախնական տվյալներով՝ պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը:

***

ԱԻՆ-ը հրապարակել է 8 տուժածների անունները՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):

***

Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված 8 տուժածներից 7-ի վիճակը կայուն ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր:

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 8-ամյա երեխային վիրահատում են՝ կոնքազդրային հոդի հատվածում շատ մեծ վնասվածքներ ունի:

***

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապօգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը հայտնել է, որ տուժածներից 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի կյանքին վտանգ չի սպառնում. վիրահատությունը նորմալ է անցել, երեխայի վիճակը կայուն է:

***

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։ Ստեղծվել է քննչական խումբ, նշանակվել փորձաքննություններ։

***

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ ապրիլի 3-ին, ժամը 07:45-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հերթապահ բժշկից ճշտվել է, որ տուժածներից Զեյնաբ Հուսեինին դուրս է գրվել, Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը` բավարար:

***

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ բոլոր տուժածների մոտ առկա են ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը