Մեկնաբանություն

02.04.2018 10:35


Ապրիլյան քառօրյան շարունակվում է

Ապրիլյան քառօրյան շարունակվում է

Հայ-ադրբեջանական ապրիլյան քառօրյա բախումները բացահայտեցին իշխանության կոռուպցիոն գործունեության իրական դեմքը: Կռվի ժամանակ ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս:

Տարիներ շարունակ իշխանությունը թալանով էր զբաղված՝ թաքնվելով «Ինչ անում եք, բանակի համար ենք անում» կարգախոսի հետևում: «Ռազմահայրենասիրական» ու «արդարացնող» այդ կարգախոսով էին պատճառաբանում ամեն ինչ և վայելում թալանը: Նաև՝ «տոկոսխփոցին»:

Կոռուպցիայի ու համակարգված թալանի գինը մարդկային կյանքերն ու կորցրած տարածքները եղան ապրիլյան քառօրյայի ժամանակ: Բոլորը տեսան, որ զենքի գնման համար վերցված միլիոնավոր վարկային միջոցները փոշիացվել են:

Բոլորը տեսան, որ բանակի անվան տակ դուրս գրվող գումարներն այլ տեղ են մսխվել: Տեսան, որ 2012-ին խոստացած ամենամարտական սպառազինությունը դատարկ խոստում է եղել (ինչպես որ դրանից առաջ ու հետո տված բոլոր խոստումները), քանզի 2016-ին իշխանական քարոզչամեքենան հպարտությամբ հայտարարում էր, թե թշնամու անօդաչու սարքերից մեկին վնասազերծել են որսորդական հրացանով (իբր, տեսե՛ք, մենք զենք չունենք, բայց մերկ ձեռքերով էլ կարող ենք թշնամուն խոցել), ու նաև զուգահեռաբար հայտարարում, որ 80-ականների զենքով են կռվել և դա է եղել պատճառը, որ կորուստներ են եղել:

2 տարի առաջ ապրիլը բացահայտեց կոռուպցիայի ծավալներն ու պայթեցրեց փուչիկը: Դրանից հետո հայ ժողովրդի գլխին պարբերաբար «ապրիլներ» են գալիս:

Նախորդ տարվա ապրիլին տեղի ունեցան ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենազանգվածային խախտումներով լեցուն համապետական ընտրությունները: Ընտրակաշառքն այնքան համատարած ու համակարգված բնույթ էր կրում, որ այն կարելի էր համեմատել 2016-ի ապրիլին տեղի ունեցած թշնամու դիվերսիոն հարձակման հետ: Բայց եթե այդ հարձակման արդյունքում մենք պաշտոնապես 100-ից ավելի զոհ տվեցին, բազմաթիվ վիրավորներ ունեցանք և 800 հեկտար կորցրեցինք, ապա 10.000-դրամանոցների և վարչակրիմինալ ռեսուրսների համադրման արդյունքում շատ ավելի լուրջ հարված հասցվեց ՀՀ-ին ու Արցախին:

Այս տարվա ապրիլին էլ սպասվում է մեկ այլ հարձակում Հայաստանի վրա. պետության մեջ պտտվում է «Ցմահ անփոխարինելիության» ուրվականը:

Մի խոսքով, ապրիլից ապրիլ մեր պետականությունը հարվածներ է ստանում: Ինչքա՞ն կդիմանա Հայաստանը:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը