Լրահոս

12.02.2010 11:53


Դեյր Զորի հայկական եկեղեցում տեղի է ունեցել ՀՀ պետական դրոշի օծման արարողությունը

Դեյր Զորի հայկական եկեղեցում տեղի է ունեցել ՀՀ պետական դրոշի օծման արարողությունը

Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Դեյր Զոր: Պատվիրակությանը ընդունեցին Դեյր Զորի նահանգապետ Հուսեյն Առնուսը և Բաաս կուսակցության Դեյր Զորի նահանգային կառույցի ղեկավար Տահա Խալիֆան: Զրույցի ընթացքում կողմերը երկուստեք կարևորեցին Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը և հույս հայտնեցին, որ այն կամրջի դեր կխաղա ՀՀ և Դեյր Զոր նահանգի միջև առևտրատնտեսական, մշակութային և գիտատեխնիկական բնագավառներում համագործակցությունը խորացնելու գործում: Արման Կրակոսյանը շնորհակալություն հայտնեց Դեյր Զորի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար և ջերմ վերաբերմունքի համար:

Նույն օրը Դեյր Զորի հայկական եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ պետական դրոշի օծման արարողությունը, որին ներկա էին հայ համայնքի կրոնական երեք առաջնորդները, ինչպես նաև' նահանգային իշխանությունների ղեկավարները և Սիրիայի տարբեր շրջաններից ժամանած հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Օծման արարողության ընթացքում ընթերցվեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը: Արարողությունից հետո թափորը ուղղվեց դեպի ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և Դեյր Զորի նահանգապետ Հուսեյն Առնուսը: Պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման արարողությանը ներկա էին Սիրիայում հավատարմագրված պետությունների դեսպաններ, հյուպատոսներ, լրագրողներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ:

Նույն օրը երեկոյան կազմակերպվեց ընդունելություն, ուր ելույթով հանդես եկավ նորանշանակ պատվավոր հյուպատոս' դեյրզորաբնակ Սուրեն Վարդանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը