Մեկնաբանություն

31.03.2018 10:45


Բնակարանային խնդիր (քաղաքական մոտիվներով)

Բնակարանային խնդիր (քաղաքական մոտիվներով)

«Люди, как люди. Любят деньги, но ведь это всегда было…

Человечество любит деньги, из чего бы те ни были сделаны,

из кожи ли, из бумаги ли, из бронзы или золота.

Ну, легкомысленны… ну, что ж… обыкновенные люди…

в общем, напоминают прежних…

квартирный вопрос только испортил их…»:

Հատված Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպից

Հայաստանում բնակարանային խնդիրը շատ սուր է դրված: Երևի մեր երկրի չափերի փոքրությամբ է դա պայմանավորված: Կամ էլ՝ մարդկանց մտքի փոքրությամբ:

Մեր հասարակական-քաղաքական կյանքում սկզբունքայնությունը, գաղափարականությունը, արտաքին ու ներքին կողմնորոշումներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է բնակարանային խնդիրը:

Բնակարանային խնդիր գրեթե բոլորն ունեն: Իշխանություններից մինչև ընդդիմություն, «քաղաքացիականներից մինչև վերլուծիստներ: Ամեն մեկն իր ախորժակի չափով: Այս առումով գործում է «Յուրաքանչյուրին՝ ըստ կարգավիճակի, յուրաքանչյուրից՝ ըստ հարիֆության աստիճանի» կարգախոսը:

Ի դեպ, շատ հետաքրքրական էր, որ բնակարանային խնդիրներից մեկը լուծելուց առաջ հայտարարվեց, որ Հայաստանը Ադրբեջանից ու աշխարհից թաքուն 20.000 հեկտար տարածք է նվաճել: Տարածված լուրի նպատակը, երևի, հետևյալն էր. 20.000 հեկտար տարածք սահմանի վրա վերցնողը մի՞թե իրավունք չունի մի 1.500 հեկտար ստանալ Երևանի կենտրոնում: Ինչևէ:

Հայաստանը մի մեծ կոմունալ բնակարան է հիշեցնում, որտեղ ոմանք հավասարի իրավունքով են օգտվում կոմունալ հնարավորություններից, իսկ ոմանք՝ ավելի՛ հավասարի իրավունքով: Բայց միևնույն է բոլորն էլ «կոմունալկայում» են ապրում ու երազում այն լքելու մասին: Մեկն այլ երկրում է բնակարան փնտրում, մյուսը՝ փորձում է բարելավել իր դիրքերը «կոմունալկայում»:

Բնակարանի չափերը մերոնց համար միշտ քիչ են լինում: Դա է, թերևս, պատճառը, որ, օրինակ, 9 հարկանի պանելային շենքի 7-րդ հարկում կտեսնես պանելը կտրած ու բարդ ինժիներական նախագծով մի ամբողջ 2 քառակուսի մետր «բալկոնչիկով» բնակարան Երևանի կենտրոնում: Թե ինչ է տալու այդ 2 քառակուսի մետրը, դժվար է հասկանալ. մարդը բարելավում է իր դիրքերն ու օդում տարածքներ նվաճում:

Բնակարանային խնդրի մեջ է մտնում նաև ավտոտնակի թեման: Հանուն ավտոտնակի միջին վիճակագրական բաշարող երևանցին կարող է դիմել ցանկացած քայլի: Նա պատրաստ է 30 քառակուսի մետր տարածքը կրծքով պաշտպանել և օրինականացնել (իրենով անել), բայց միևնույն ժամանակ «գեոպոլիԾիկ» դատողություններ անել ազատագրված տարածքները հանձնելու թեմայով: Սա պատրաստ է ավտոտնակի տարածքը կյանքի գնով պահել, բայց հանգիստ է վերաբերվում, երբ խոսք է լինում 7 շրջանը հանձնելու մասին: «Ավտոտնակի վկան» չի հասկանում, որ եթե Ղարաբաղը հանձնվեց, ապա ադրբեջանցիները կգան ու իր երևանյան ավտոտնակին էլ տեր կդառնան: Չի հասկանում, քանի որ բնակարանային խնդիրը բթացրել է ուղեղը:

Մի խոսքով, բնակարանային խնդիրը լուրջ է: Ինչ արվում է, բնակարանի համար է արվում: Անտուն մարդը վտանգավոր է:

Եվ ուրեմն, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը կոմունալ բնակարանից վերածվի նորմալ տան, որտեղ բոլորը կուզենան ապրել:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը