Քաղաքական

30.03.2018 13:49


Բունդեսթագի պատգամավորի համար անընդունելի է Էրդողանի միջամտությունը Գերմանիայի ներքին գործերին

Բունդեսթագի պատգամավորի համար անընդունելի է Էրդողանի միջամտությունը Գերմանիայի ներքին գործերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ Գերմանիայում բողոքի ցույցեր հրահրելու նախաձեռնությունը բացարձակապես անընդունելի է: Այս մասին ասել է Գերմանիայի Ձախերի կուսակցության անդամ, Բունդեսթագի քրդական ծագում ունեցող պատգամավոր Էվրիմ Սոմմերը:

Նա ընդգծել է, որ առհասարակ պետք է մերժվեն օտարերկրյա կառավարությունների կողմից սեփական շահից դրդված փորձերը՝ ազդելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին քաղաքական որոշումների վրա: Սոմմերի համոզմամբ՝ Գերմանիայում գործող թուրքական ազգայնական Osmanen Germania Rocker խմբավորումն ակնհայտորեն դրսևորում է իրեն որպես թուրքական կառավարության ներկայացուցիչ:

«Լրատվամիջոցները հաղորդում են, որ փորձ է արվել այստեղ բնակվող թուրքական ծագում ունեցող անձանց շրջանում բողոքական տրամադրություններ հրահրել՝ կապված Բունդեսթագում այն բանաձևի ընդունման հետ, որը ճանաչում էր 1915/16 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն: Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը լավ ուսումնասիրված պատմական փաստ է, որն այսուհետ չպետք է հերքվի: Պատմական փաստերը պետք է ճանաչվեն, անգամ եթե դրանք հարցականի տակ են առնում պետության հիմնադրման միֆերը: Պետական ժխտողականության քաղաքականությունը պահպանում է գաղափարախոսական կյանքի սուտը, որի հիման վրա կառուցվել և մինչ այժմ հիմնված է Թուրքիայի Հանրապետությունը»,-ընդգծել է Բունդեսթագի պատգամավորը:

Նրա համար բացարձակապես անընդունելի է, որ Թուրքիան փորձում է Գերմանիային պարտադրել զանգվածային հանցագործությունները ժխտող իր իսկ պատմական դոկտրինը՝ այն հանցագործությունների, որոնք տեղի են ունեցել ազգ-պետություն գաղափարախոսության վրա կառուցված ժամանակակից Թուրքիայի հիմնադրումից թե առաջ, թե դրա ընթացքում:

Նա նշել է, որ թուրքական պետությունը և առհասարակ Թուրքիայում իրականացվող քաղաքականությունը չի առերեսվում անցյալի հետ, ինչի հետևանքով էլ այս ընթացքում բարձրացված շատ սոցիալական խնդիրներ, ինչպես, օրինակ, պետության կողմից հրահրված ազգայնականությունն է, մեր օրերում էլ շարունակվում են և թողնում են իրենց աղետալի հետևանքները:

Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ

Այս խորագրի վերջին նյութերը