Աշխարհ

30.03.2018 12:22


Աթեշյանի դեմ բողոքը հասել է Ստամբուլի փողոցներ

Աթեշյանի դեմ բողոքը հասել է Ստամբուլի փողոցներ

Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ բողոքի ալիքը դուրս է եկել համայնքային շրջանակներից և հասել Ստամբուլի փողոցներ:

Այն բանից հետո, երբ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը միջամտեց Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին, իսկ Աթեշյանը վերադարձրեց պատրիարքի փոխանորդի պաշտոնը, համայնքում արքեպիսկոպոսի նկատմամբ առաջացած դժգոհությունն արտահայտվում էր նրա հանդիսապետությամբ անցկացվող պատարագների և համայնքային միջոցառումների ժամանակ բողոքի ակցիաներով:

Իսկ այժմ, ի նշան բողոքի, անհայտ անձինք Ստամբուլի Քուրթուլուշ և Ֆերիքյոյ թաղամասերի պողոտաներում ու փողոցներում փակցնում են թռուցիկներ, որոնցում պատկերված է պատրիարքի փոխանորդի դիմանկարը՝ աչքերը սև ժապավենով փակված:

Գործին միջամտել է Ստամբուլի ոստիկանությունը, որը նկարները փակցնողների ինքնությունը պարզելու նպատակով ուսումնասիրում է փողոցներում տեսախցիկների ձայնագրությունները:

Պոլսահայ փաստաբան Սեբու Ասլանգիլը հայտնել է, որ փողոցում նկար փակցնելը հանցանք չի համարվում, եթե նկարների բովանդակությունը հանցակազմ չի պարունակում:

«Նմանատիպ նկարները հանցագործություն չեն համարվում: Սակայն, եթե բողոքող կողմ լինի, որը կյանքի վտանգի կամ սպառնալիքի և կամ այլ փաստարկով բողոք ներկայացնի, ապա սպասելի է, որ ոստիկանությունը ուսումնասիրություն կկատարի»:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանը: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:

Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը