Աշխարհ

30.03.2018 10:12


Թուրքական դատախազությունը ևս 70 գործող զինվորականի ձերբակալման օրդեր է տվել

Թուրքական դատախազությունը ևս 70 գործող զինվորականի ձերբակալման օրդեր է տվել

Մարտի 29-ին Թուրքիայի Քոնիա նահանգի դատախազությունը Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» դեմ հետաքննության շրջանակներում լիազորել է ձերբակալել Թուրքիայի զինուժի ևս 70 գործող զինվորականի: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Կասկածյալներից 47-ը Թուրքիայի զինուժի սպաներ են, իսկ 23-ը ենթասպաներ: Զինծառայողներին հայտնաբերելու և ձերբակալելու համար Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները գործողություն են սկսել:

Նշենք, որ մարտի 26-28-ին Թուրքիայում «գյուլենականության մեղադրանքով» ձերբակալվել է շուրջ 60 գործող զինվորական:

Թուրքիայում վերջն 1,5 տարում մի շարք գործող և նախկին զինծառայողներ են ձերբակալվել, որոնք մեղադրվում են Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման և Գյուլենի հետ կապ ունենալու համար:

Ձերբակալությունների հետևանքով հատկապես պակաս է առաջացել սպայական կազմում: Ներկայում թուրքական կողմը փորձում է համալրել այդ պակասը: Հատկապես խնդիրներ են առկա օդաչուների հարցում, Թուրքիան մինչև 2016-ի հեղաշրջման փորձն էլ ուներ այդ խնդիրը, իսկ ներկայում պակասն էլ ավելի է զգացնել տալիս:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որից հետո երկրում սկսվել են ձերբակալություններն ու պաշտոններից հեռացումները: Բացի այդ, 2016-ի հուլիսից Թուրքիայում «արտակարգ դրություն» է հայտարարվել, որը շարունակվում է մինչև այժմ:

Թուրքիայի իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող թուրք իսլամական գործիչ, «Հիզմեթ» շարժման ղեկավար Ֆեթուլլա Գյուլենին: Անկարան Միացյալ Նահանգներից բազմիցս պահանջել է արտահանձնել Գյուլենին, սակայն դեռևս ԱՄՆ-ն հրաժարվում է դա անել:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը