Մեկնաբանություն

29.03.2018 11:25


Դրսից տղա բերելու ավանդույթը

Դրսից տղա բերելու ավանդույթը

Արտաքուստ իշխանություններն ինքնավստահ են զգում. Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ, իսկ փողոցում առայժմ այդքան էլ շատ մարդ չի հավաքվում նրա վարչապետությունը թույլ չտալու համար:

Արտաքին ինքնավստահության տակ, սակայն, որոշակի անհանգստություն է թաքնված:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը երեկ փաստացի խառնվել է մեր ներքաղաքական կյանքին՝ հայտարարելով, որ իրենք «Սասնա ծռերի» արածները վատ են գնահատում և չեն աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել իշխանություններին (ի դեպ, ենթադրվո՞ւմ է արդյոք, որ ԱՄՆ-ը Հայաստանում աջակցում է իշխանությունների դեմ օրինական ճանապարհով պայքարողներին. հարցի պատասխանը, երևի, Միլսը կտա մյուս հարցազրույցում):

«Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար:

«Սասնա ծռերի» անդամների գործողությունների հետևանքով մարդկային կյանքեր կորսվեցին, իսկ մերձակա համայնքի բնակիչները անհարկի հայտնվել էին սոսկալի իրավիճակում:

Քաղաքական փոփոխություն կատարելու նպատակով բռնությունը որպես գործիք կիրառելը հակասում է ոչ միայն ամերիկյան արժեհամակարգին, այլ նաև խաղաղ երկխոսության և մարդկային կյանքի նկատմամբ հարգանքի գլոբալ ժողովրդավարական արժեքներին: Բռնությունը բոլոր կողմերից վտանգում է ժողովրդավարական սկզբունքները և երբեք չի կարող հանդուրժվել: Ուստի՝ ո՛չ, մենք նման խմբերի կամ նման գործողությունների չենք աջակցում»,-մասնավորապես նշել է Միլսը:

Մի կողմ թողնենք այն հարցը, որ ԱՄՆ-ը, իր շահերից ելնելով, աշխարհի տարբեր կետերում աջակցել է բռնության միջոցով իշխանությունների տապալմանը՝ մի պահ մոռանալով խաղաղ երկխոսությունը և մարդկային կյանքի նկատմամբ հարգանքը (օրինակ՝ Սիրիայում բացահայտորեն աջակցում է այն սունի արաբներին, ովքեր զենքով դուրս են եկել ընտրված իշխանության՝ Ասադի գլխավորած վարչակազմի դեմ): Տվյալ դեպքում ուշագրավն այն է, որ Միլսին խոսեցրեցին:

Իսկ այն, որ Միլիսի մեկնաբանությունը գրեթե պետականի կարգավիճակ ունեցող կայքի հարցին հենց այնպես չի եղել, ակնհայտ է: Պարզ է, որ հայկական կողմի խնդրանքով է դեսպանն անդրադարձել ներքին խնդիրներին: Ընդ որում՝ հարցը ներկայացված էր այնպես, որ բնական թվար դեսպանի խոսելը:

Ուշագրավն այն է, որ դեսպանին խնդրել են մեկնաբանել անհայտ ծագում ունեցող և անհայտ լրատվամիջոցով տարածված «լուրն» այն մասին, թե իբր Արևմուտքը Հայաստանում իշխանափոխության նպատակով աջակցում է ընդդիմադիր խմբերին, անգամ՝ զինված խմբավորումներին, ինչպիսիք են «Սասնա ծռերը»: Միլսը, փաստորեն, Արևմուտքի անունից շտապել է հանգստացնել Բ26-ին, որ նման բան չկա և բամբասանքն այդ սուտ է:

Թե ինչու են հենց այս պահին ու հենց այս թեմայով խոսեցրել դեսպանին, դժվար չէ կռահել:

ՀՀԿ ղեկավարի համար լուրջ անհանգստության պատճառ են «սասնածռերիզմը» և դրա գործնական դրսևորումը: Ահա այս անհանգստությունն է պատճառը, որ Բ26-ում դիմել են հին հայկական ավանդույթի օգնությանը՝ դրսից տղա բերելուն:

Սերժ Սարգսյանը հաղթել է հանրությանն ու մրցակիցներին, բայց ՀՀ ներքին ու արտաքին խնդիրները մնացել են: Բացի այդ՝ քաղաքական կյանքի ապաքաղաքականացման արդյունքում սուպերլեգիտիմացվել է «սասնածռերիզմը»: Սա շատ լավ հասկանում են Բ26-ում: Հասկանում են ու վախենում (հետաքրքիր է, դեսպանի խոսքը հանգստացրե՞ց):

Դատելով ամենից՝ «X» պահից սկսած իշխանական բուրգի գագաթում հոգեխանգարմունքը կտրուկ սրացում է ունենալու (եթե արդեն իսկ չի սրվել): Ու հազիվ թե դեսպանի խոսքն այդ դեպքում օգուտ տա: Ամեն տեղ ու ամենքի մեջ ահաբեկիչ փնտրելու վերջը լավ չի կարող լինել:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Իշխանական քարոզչամեքենան, ամենայն հավանականությամբ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի խոսքերը կփորձի ներկայացնել որպես Սերժ Սարգսյանի վարչապետությանը Արևմուտքից «դաբրո» տալու դրսևորում: Թե քանի չորքոտանի կհավատա այդ բլեֆին, իրենք կիմանան:

Այս խորագրի վերջին նյութերը