Աշխարհ

28.03.2018 17:16


Մամեդյարովը դժգոհել է, որ հավակնորդների մրցաշարում որոշ ադրբեջանցիներ աջակցել են Արոնյանին

Մամեդյարովը դժգոհել է, որ հավակնորդների մրցաշարում որոշ ադրբեջանցիներ աջակցել են Արոնյանին

Բեռլինի շախմատի հավակնորների մրցաշարի ավարտից հետո Ադրբեջանից մրցաշարին մասնակցող Շահրիյար Մամեդյարովը բողոքել է այն փաստի առնչությամբ, որ որոշ ադրբեջանցի շախմատասերներ երկրպագել են ոչ թե իրեն, այլ Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանին:

Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Ես չեմ բողոքում, սակայն լսեք ինձ: Թեպետ իմ ժամանակը քիչ էր, սակայն ես ձեզ լսել եմ: Թեպետ ադրբեջանցի եմ, սակայն ձեզնից շատերի կողմից աջակցություն եմ տեսել ոչ թե իմ, այլ իտալացու (խմբ.- իտալական ծագում ունեցող, ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանա) կամ հայի (խմբ.- Լևոն Արոնյան) նկատմամբ»,-ասել է ադրբեջանցի շախմատիստը՝ ներողություն խնդրելով, որ չի կարողացել հաղթել հավակնորդների մրցաշարում:

Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան: Նա 14 հնարավորից հավաքեց 9 միավոր և հաղթանակ տարավ մրցաշարում: Կարուանան իրավունք ստացավ մրցամարտ անցկացնելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մրցամարտը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Հավակնորդների այս մրցաշարում Արոնյանը կրեց 6 պարտություն, մեկ պարտիա ավարտեց հաղթանակով և 7 պարտիայում կիսեց միավորը: Նա զբաղեցրեց վերջին հորիզոնականը:

Մամեդյարովը կիսեց 2-3-րդ տեղերը:

Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ

Այս խորագրի վերջին նյութերը