Մեկնաբանություն

28.03.2018 12:35


Սերժ Սարգսյանի ճշմարտության պահը

Սերժ Սարգսյանի ճշմարտության պահը

«Tert.am»-ում տեղադրված Սերժ Սարգսյանի մեկնաբանությունից պարզ դարձավ, որ նա կտրուկ փոխել է իր տեսակետը: Եթե նախկինում համոզված էր, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում, ապա իշխանամետ կայքում փաստացի ասել է, որ ինքը հավակնում է երկրի կառավարման ղեկին ոչ միայն երկու անգամից ավելի, այլև՝ ցմահ:

Սարգսյանն իր ցմահ անփոխարինելիության համար որպես հիմնավորում ներկայացրել է այն, որ ներկայիս քաղաքական վերնախավում չի տեսնում իրեն փոխարինող մեկին: Ու որպեսզի այդ մեկը հայտնվի, ինքն ունի հավելում, այն է՝ իր վարչապետությանը զուգահեռ զբաղվել երիտասարդներին երևացող ու չերևացող փորձի փոխանցմամբ:

Համաձայնե՛ք, որ սա ցմահ անփոխարինելիության «հիմնավորում» է, քանզի միշտ էլ կարող է որևէ Գալուստ Սահակյան հայտարարել, որ Սարգսյանը դեռ չի հասցրել իր փորձը փոխանցել, և, հետևաբար, պետք է մնա: Այդպես իրենց փորձը փոխանցել են Սադամ Հուսեյնը, Բեն Ալին, Քադաֆին, Թուրքմենբաշին, Ռոբերտ Մուգաբեն, Նուրսուլթան Նազարբաևը, Էմոմալի Ռահմոնը, Իսլամ Քարիմովը, Հեյդար Ալիևը (Հեյդարի տղա Իլհամն իր փորձը փոխանցում է կնոջը, բայց մինչև իր մահը հազիվ հասցնի ամբողջ փորձը փոխանցել) և մյուս անփոխարինելիները:

Մի կողմ թողնենք այն, որ Սերժ Սարգսյանի երևացող ու չերևացող փորձը փոխանցելու կարիք չկա, քանզի բոլորն էլ տեսել են դրա արդյունքները (դիվանագիտական ու տարածքային կորուստներ, մարդկային (արտագաղթողներ և զոհեր) ու տնտեսական կորուստներ, քաղաքական դաշտի փոշիացում և գաղջ մթնոլորտի ձևավորում):

Երիտասարդներին միայն մեկ փորձ կարելի է փոխանցել՝ «Ինչպես չպետք է երկիր ղեկավարել» թեմայով: Ինչևէ:

Եթե Սերժ Սարգսյանն անկեղծ է իր ցանկություններում (մենք տարիներ շարունակ համոզվել ենք, որ Սերժ Սարգսյանը միշտ ճիշտ է խոսում և անկեղծ է իր հայտարարություններում), ապա պետք է ապրիլի 9-ից հետո չգնա վարչապետության ու իր փորձն ապագա վարչապետին փոխանցի խորհրդարանական ամենամեծաքանակ խմբակցությունն ունեցող ՀՀԿ նախագահի կարգավիճակով:

Եթե ՀՀԿ-ում գտնում են, որ Սերժ Սարգսյանը երկնքի ու երկրի վրա իրենց անփոխարինելի առաջնորդն է (համենայնդեպս գրեթե բոլոր ՀՀԿ-ականներն այդպես են արտահայտվում), իսկ Սերժ Սարգսյանն էլ վստահում է իր կուսակիցներին (ինչպես կարելի է չվստահել Սարգսյանին այդքան նվիրված ՀՀԿ-ին, հետո ի՞նչ, որ մի ժամանակ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ պահանջել են նույն Սերժ Սարգսյանի հրաժարականը), ապա ի՞նչ խնդիր կա: Միշտ էլ ՀՀԿ-ն կարող է վատ աշխատող վարչապետին խորհրդարանում անվստահություն հայտնել ու փոխել: Թե՞ Սերժ Սարգսյանն իր «թիմին» լավ գիտի ու չի վստահում որևէ մեկին ու դա է պատճառը, որ ուզում է գործադիր իշխանության ղեկավարի լծակը պահել, որպեսզի իրեն «չքցեն»: Եթե այդպես է, ապա ամեն ինչ կեղծ է դառնում մեր երկրում: Իսկ մենք կեղծիքի բնի վերածելու հայրենիք չունենք:

Մի խոսքով, Սերժ Սարգսյանի համար եկել է ճշմարտության պահը: Կա՛մ նա հետ է կանգնում իր խոստումից, դառնում վարչապետ ու ճանապարհ բացում ֆորսմաժորային զարգացումների համար (եթե ՀՀԿ ղեկավարը հետ կանգնի իր խոսքից, ապա «սասնածռական» գաղափարախոսությունը բացարձակ լեգիտիմություն կստանա հանրության մոտ, քանզի որևէ քաղաքական միտք չի կարողանա մրցակցել «Սրանցից մենակ գյուլլելով կարող եք պրծնել» մտածողության հետ), կա՛մ կարևորում է սեփական խոսքի արժեքը, գնում լարվածության թուլացման, հրաժարվում վարչապետ դառնալու ցանկությունից և երկրին դրական իմպուլսներ հաղորդում: Ընտրությունն իրենն է:

Եթե սովետմիության տարիներին Կրեմլն էր Հայաստանում ղեկավար նշանակում, ապա այժմ մենք ներքաղաքական հարցերում անկախ ենք Մոսկվայից: Խնդիրը, սակայն, այն է, որ ՀՀ քաղաքացիները չկարողացան նորմալ վերնախավ ձևավորել ու կորցրեցին ընտրական իրավունքը:

Հիմա Կրեմլի ֆունկցիան կարող է Սերժ Սարգսյանը կատարել ու վարչապետի թեկնածու առաջադրել: Թող ինքն ընտրի և այնպես չէ, որ չունի ընտրության հնարավորություն: Դա կլինի այն փոխզիջումը, որը զերծ կպահի մեր պետությանն ու հանրությանը անկանխատեսելի և վտանգավոր զարգացումներից: Պետք չէ մտածել, որ եթե փողոցում քիչ մարդիկ են հավաքվում, ուրեմն ամեն ինչ կարգին է և կարելի է ցմահ անփոխարինելի դառնալ (ի դեպ, փողոցում մարդ չկար ու մարդիկ քնած էին, երբ հայտնի դարձավ, որ ՊՊԾ գունդը գրավված է):

Այնպես որ, չի կարելի անընդհատ ձգել ռեզինը: Ի վերջո, Հայաստանը միջինասիական կամ աֆրիկյան երկիր չէ, որ ցմահ անփոխարինելիության սինդրոմով տառապի:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը