Աշխարհ

27.03.2018 14:29


Ո՞վ է կանգնած Գերմանիայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ բողոքի ակցիաների հետևում

Ո՞վ է կանգնած Գերմանիայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ բողոքի ակցիաների հետևում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապ է ունեցել Գերմանիայում 2016թ. հունիսին Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քննարկումների ժամանակ բողոքի ցույցերի կազմակերպման հետ:

Այս մասին հայտնի է դարձել «Գերմանաբնակ օսմանցիներ» հանցավոր խմբավորման հետ սերտ կապեր ունեցող Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մեթին Քյուլունքի և Էրդողանի հեռախոսազրույցից, որը հրապարակել է գերմանական «Der Spiegel» պարբերականը:

2016 հունիսի 1-ին, երբ Գերմանիայի խորհրդարանում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ընդունման մասին բանաձևը, Բեռլինում գտնվող Քյուլունքը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: Զրույցը գաղտնալսվել է Հեսսեն նահանգի ոստիկանության կողմից: Քյուլունքը և Էրդողանը զրույցի ժամանակ անդրադառնում են բանաձևի ընդունման դեմ բողոքի ակցիաների անցկացմանը: ԱԶԿ-ական պատգամավորն ասում է. «Սպասում եմ Ձեր հրամաններին», ինչին ի պատասխան Էրդողանը նշում է, որ նորից կապ կհաստատի Քյուլունքի հետ:

Նշենք, որ Գերմանիայում դատական գործընթաց է սկսվել «Գերմանաբնակ օսմանցիներ» հանցավոր խմբավորման դեմ, որի հետ կապվում է թուրք պատգամավորի անունը: Գերմանիայի իրավապահ մարմինների կողմից հետաքննության ընթացքում բացահայտվել էր, որ Քյուլունքն անցյալ տարի մի քանի անգամ գումար էր փոխանցել խմբավորմանը՝ զենք գնելու նպատակով: Պարզվել էր նաև, որ «Գերմանաբնակ օսմանցիները» ստացված գումարով տարբեր տեսակի զենքեր էին գնել՝ քրդերի դեմ կիրառելու նպատակով:

Հարձակումներ կատարելու և հանցավոր խմբավորում հիմնելու մեղադրանքներ է առաջադրվել այդ խմբավորման 8 անդամներին:

Հիշեցնենք, որ Քյուլունքի և Էրդողանի հեռախոսազրույցից մեկ օր հետո՝ հունիսի 2-ին, Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Մայիսի 29-ին և հունիսի 2-ին հաջորդող օրերին Գերմանիայի մի շարք քաղաքներում թուրքական կազմակերպությունները բողոքի միջոցառումներ էին կազմակերպել:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը