Մեկնաբանություն

26.03.2018 09:15


Դը Գոլն՝ ընդդեմ ՀՀԿ-ի

Դը Գոլն՝ ընդդեմ ՀՀԿ-ի

Դժվար է ասել, թե ինչու են որոշ ՀՀԿ-ականներ, Սերժ Սարգսյանի հետ կապված զարգացումներին անդրադառնալիս, համեմատականներ անցկացնում նրա ու Ֆրանսիայի նախկին նախագահ Շարլ Դը Գոլի միջև: Դա յուրօրինակ գավառամտություն է, բայց տվյալ դեպքում թողնենք այդ թեման:

Շարմազանովները հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը առաջնորդվում է ոչ թե անձնական հավակնություններով, այլ պետական շահով և, հետևաբար, պետք է դառնա վարչապետ: Հղում է արվում ՀՀԿ ղեկավարի այն խոստմանը, թե խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դեպքում ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ում կատարյալ դեմագոգիայով են զբաղվում և գլխիվայր շուռ տալիս ամեն ինչ: Ըստ նրանց՝ ստացվում է, որ եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ապա դա կնշանակի անձնական հավակնությունների ստորադասում պետական շահին: Իսկ ահա եթե չհամաձայնի վարչապետությանն ու անփոխարինելիությանը, ապա դա ցույց կտա, որ նա անձնական հավակնությունները վեր դասեց պետական շահից: Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Ինչ մնում է Դը Գոլի հետ համեմատությանը, ապա մեկ անգամ խորհուրդ տվել ենք Ֆրանսիայի նախկին նախագահի անունը ՀՀԿ-ում շատ չտալ, քանզի դրանից Սերժ Սարգսյանի դիրքերը չեն լավանում, եթե չասենք հակառակը, բայց դե գավառամտությունը մարտնչող է և ՀՀԿ-ում Դը Գոլին հանգիստ չեն տալիս:

Ի դեպ, անձնական հավակնությունների, պետական շահի, սկզբունքայնության, սեփական խոսքի արժեքը գնահատելու և պետական մտածողության առումով Դը Գոլը շատ լավ օրինակ է ցույց տվել ՀՀԿ-ին:

Այսպես, 1969 թվականին Դը Գոլը նախաձեռնեց սենատի վերակառուցման և երկրի վարչատարածքային կառուցվածքի բարեփոխման համար հանրաքվե և տապալվեց, այսինքն՝ նրա ուզածին հակառակ արդյունք եղավ: Ֆրանիսյաի հանրությունը Դը Գոլի նախընտրած մոդելին ասաց «ոչ»: Դրանից հետո Դը Գոլն անմիջապես հրաժարական տվեց նախագահի պաշտոնից և հեռացավ քաղաքականությունից, քանզի համարեց, որ եթե իր ուզած կառավարման մոդելը չի ընդունվում հանրության կողմից, ապա ինքն այլևս անելիք չունի պետական կառավարման համակարգում:

Իսկ ի՞նչ էր ասել և ի՞նչ է պատրաստվում անել Սերժ Սարգսյանը: Նա հայտարարել էր, որ խորհրդարանական կառավարման կողմնակից չէ և եթե այդ ուղին ընդունվի, ապա չի հավակնելու վարչապետի աթոռին:

Եթե մի պահ ընդունենք, որ սահմանադրական հանրաքվեն կեղծիքներով չի անցել, ապա ստացվում է, որ Սերժ Սարգսյանը գաղափարական պարտություն է կրել, քանզի իր չուզած մոդելն է ընդունվել: Դը Գոլը, ինչպես վերևում նշեցինք, նմանատիպ իրավիճակում հրաժարական տվեց ու հեռացավ քաղաքականությունից: Սա՛ է անձնական հավակնություններով չառաջնորդվելու և պետական մտածողության իրական դրսևորումը, այլ ոչ թե գավառական «շուստրիությունը»:

Եթե ՀՀԿ-ականները Դը Գոլի հետ են համեմատում իրենց առաջնորդին, ապա Ֆրանսիայի նախկին նախագահի քաղաքական գործունեության ա՛յս հատվածը պետք է հիշեն, քանզի հենց ա՛յս հատվածի հետ համեմատականներն են տեղին: Բայց դե ումից ենք ինչ պահանջում: Մարդիկ ասում են՝ հանրաքվեի ու ԱԺ ընտրությունների ժամանակ տոկոսները «խփել» ենք և հանրությանն էլ խաբել ենք, ու շարունակելու ենք խաբել այնքան ժամանակ, մինչև մեր հարցերը չլուծեք: Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի այս ապաքաղաքական վարքագիծն է պատճառը, որ արմատական տրամադրությունների աճի տեղիք է տվել:

«Սրանց մենակ պետք ա գյուլլել» գաղափարի իրական հեղինակը իշխանություններն են ու թող իրենց մեջ փնտրեն ահաբեկչության պատվիրատուներին:

Երբ սահմանադարական ճանապարհով իշխանության հարցը վիճարկելու բոլոր ուղիները փակվում են՝ քաղաքական թատերաբեմում հայտնվում է հրացանը, որը, ժանրի կանոնների համաձայն, ինչ-որ պահի կրակում է:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը