Մեկնաբանություն

24.03.2018 09:10


Սա Գագիկ Հարությունյանն է և պը՛րծ

Սա Գագիկ Հարությունյանն է և պը՛րծ

Երեկ ՍԴ-ում տեղի ունեցավ Գագիկ Հարությունյանի ճանապարհման արարողությունը. կենացային ձևակերպումներ, ճոռոմ բառեր և գովեստի խոսքեր:

Գագիկ Հարությունյանը դարձավ 70 տարեկան և միայն Սահմանադրության ուժով նա պոկվեց ՍԴ նախագահի աթոռից:

Մշտապես պաշտոնյայի աթոռ ունեցող Հարությունյանին, սակայն, ճանապարհեցին ոչ թե թոշակի, այլ ուրիշ՝ ոչ պակաս եկամտաբեր աշխատանքի: Նոր Սահմանադրությունը նաև նրա՛ համար էր նախատեսել անփոխարինելիություն. ՍԴ արդեն նախկին նախագահը կդառնա Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար:

Բա ուրիշ էլ ո՞վ պետք է դատական խորհուրդը ղեկավարեր, եթե ոչ Գագիկ Հարությունյանը, ով մշտապես եղել է հայկական արդարադատության բռնաբարման դակիչ-կատարածուն:

Գագիկ Հարությունյանի գոյությունը պետական կառավարման համակարգում ցույց է տալիս, որ բոլշևիզմը դեռ չի մեռել: Այն պարզապես այլ ձև է ստացել ու հանդես է գալիս բարեկամախնամիական կապերով իշխանական (նաև՝ ոչիշխանական) համակարգում ցանց հյուսած Գագիկ Հարությունյանի տեսքով:

Ի դեպ, երեկ Հարությունյանը ՍԴ-ից ԲԴԽ տեղափոխվելու ճանապարհին մի հուշանվեր ստացավ իրեն փոխարինողից:

ՍԴ նորընտիր ղեկավար Հրայր Թովմասյանը Գագիկ Հարությունյանին մի արձանիկ նվիրեց՝ ներկայացնելով հետևյալ մեկնաբանությունը. «Սա Գագիկ Հարությունյանն է՝ ոտքերով ամուր մայր հողի մեջ՝ ոչ թե կանգնած, այլ ոտքերով հենց հողի մեջ, սերմը ձեռքին, սերմերն էլ՝ երևացող, աշխատավոր, աշխատասեր, իր հայրենիքը սիրող, նոր համակարգ ստեղծող մի մարդ»:

Այն, որ Գագիկ Հարությունյանը ոտքերով ամուր կանգնած է, ավելի ճիշտ՝ հենց մտած է, դժվար է չհամաձայնել: Բայց նա ոչ թե մայր հողի մեջ է ամուր մտած, այլ իշխանության մեջ ու ձեռքին ոչ թե արդարադատության սերմերն են, այլ՝ կեղծիքի:

Այո՛, Գագիկ Հարությունյանն աշխատասեր է, բայց իշխանություններին ծառայելու և հակաժողովրդական վարքագիծ դրսևորելու առումով:

Գագիկ Հարությունյանին պետք էր ոչ թե հրեշտակի թևերով և հողի մեջ մտած ոտքերով մարդու արձան նվիրել, այլ չորս ոտք ունեցող կատվի՝ ի նշան այն բանի, որ նրան ինչպես գցում ես՝ կատվի պես չորս ոտքի վրա է կանգնում, այսինքն՝ հաջողացնում է բոլոր տիպի իշխանությունների օրոք պետբյուջեի հաշվին ապրել՝ երկրին զրոյական օգուտ տալով:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը