Աշխարհ

23.03.2018 08:29


Թուրքիան բանտարկյալների թվով առաջին տեղում է Եվրոպայում

Թուրքիան բանտարկյալների թվով առաջին տեղում է Եվրոպայում

Թուրքիան բանտարկյալների թվով Եվրամիության 43 երկրների շարքում առաջին հորիզոնականում է։ Այս մասին հայտնի է դարձել Եվրոպական խորհրդի կողմից հրապարակված քրեական վիճակագրության 2016թ․ տարեկան հաշվետվությունից։

Զեկույցի համաձայն՝ 2016թ․ թուրքական բանտերում անազատության մեջ է գտնվել 192․627 բանտարկյալ։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում Անգլիան է, որտեղ կա 94․000 բանտարկյալ։

Ընդ որում՝ Թուրքիայում ազատազրկվածների թիվը 2006-2016թթ․ ընթացքում ավելացել է 161 տոկոսով, ինչը ռեկորդային է ողջ Եվրամիության տարածքում։

Իսկ 2015-2016թթ․ ընթացքում Թուրքիայում կալանավորների թիվն աճել է 8 տոկոսով։ Այս ցուցանիշով երկիրը երկրորդ տեղն է գրավում Եվրոպայում՝ Բուլղարիայից հետո։

Թուրքիան նաև առաջատար է այն կալանավորների թվով, ում դեմ հարուցված դատական գործընթացները դեռևս չեն ավարտվել։ Նման բանտարկյալների թիվը Թուրքիայում կազմում է 37․1 տոկոս։

Զեկույցից հայտնի է դարձել նաև, որ Թուրքիայի բանտերում 3 տոկոսով ավելի շատ բանտարկյալ կա, քան դրանք կարող են ընդունել։ Թուրքիան երկրորդ տեղում է նաև 10 և ավելի տարվա ազատազրկման դատապարտված բանտարկյալների թվով։ Նրանք դատապարտյալների ընդհանուր թվի 45 տոկոսն են կազմում։ Իսկ առաջին տեղում Հունաստանն է՝ 50 տոկոս ցուցանիշով։ Նշենք, որ Եվրոպայի համար այս չափանիշի միջին ցուցանիշը 15 տոկոսն է։

Ըստ բնակչության թվի և բանտարկյալների թվի հարաբերակցության՝ Թուրքիան երկրորդ տեղում է Վրաստանից հետո։ Թուրքիայում յուրաքանչյուր 10․000 բնակչից 245-ը ազատազրկված է։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը