Մեկնաբանություն

22.03.2018 16:00


«Մերկելի վկաները»

«Մերկելի վկաները»

Երբ ՀՀԿ-ականները փորձում են հիմնավորել, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանը, հակառակ իր խոստման ու ցանկության, դառնա վարչապետ, հիշում են դրսի այս կամ այն պատմական գործչին ու ՀՀԿ ղեկավարին համեմատում նրա հետ:

Այդ առումով մոդայիկ են Չերչիլը և Դը Գոլը: ՀՀԿ-ականները հաճույքով համեմատում են Չերչիլին ու Սարգսյանին, Դը Գոլին ու Սարգսյանին: Ու կապ չունի, որ համեմատությունը տեղին չէ ու համեմատելու բան չկա: Կարևորը համեմատում են, որ մեծարեն իրենց մեծին:

3-րդ ժամկետով երկրի ղեկավարման դերը ստանձնելու պահով էլ մոդայիկ է Գերմանիայի կանցլեր (վարչապետ) Անգելա Մերկելին հիշելը:

«Հրե՛ն, դեմոկրատական Գերմանիայում Անգելա Մերկելը երկրորդ ժամկետից ավելի է իշխում, ի՞նչ է պատահել»,- սիրում են հայտարարել ՀՀԿ-ական «Մերկելի վկաները»:

Այո՛, Մերկելը Գերմանիայի կանցլեր է 2005-ից, բայց դա գերմանացիներն են որոշել, ոչ թե ինքը Սահմանադրությունը փոխել է ու տոկոսները «խփել», որ մնա: Ընտրություններով և այդ երկրի օրենսդրությամբ է պայմանավորված Մերկելի 13-ամյա կանցլերությունը, որի լեգիտիմության հետ կապված ոչ մեկ հարց չունի, այդ թվում՝ նրա քաղաքական մրցակիցները:

Բացի այդ՝ Մերկելը երբեք չի ասել, որ հաջորդ ընտրություններից հետո չի հավակնի կանցլերի պաշտոնին, բայց հետո հրաժարվել իր խոստումից՝ հայտարարելով, թե իրավիճակ է փոխվել:

Մերկելը Գերմանիայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ երբեք չի թաքնվել այս կամ այն գործչի հետևում, որպեսզի գերմանացիների նյարդերի վրա չազդի ու ընտրություններից հետո նոր «մեյդան» գա. նա մշտապես գլխավորել է Քրիստոնեա-դեմոկրատների միության ցուցակն ու իր ծրագրով ներկայացել գերմանացի ընտրողին:

Եվ ամենակարևորը՝ Գերմանիայում ոչ մեկը կասկածի տակ չի առնում ընտրության արդյունքները և Գերմանիայում բոլորը գիտեն, որ եթե ուզեն փոխել կանցլերին, ապա դա հանգիստ կանեն ընտրությունների ժամանակ կամ նույնիսկ դրանից էլ շուտ:

Գերմանիայում Մերկելը մնում է իշխանության ղեկին, քանզի հսկայական դրական արդյունքներ է ապահովել իր կառավարման շրջանում. Գերմանիայի տնտեսությունը հզորագույն քայլերով առաջ է գնում, արտահանումը աշխարհի նորանոր տարածքներ է նվաճում, Գերմանիան ԵՄ լիդերի կարգավիճակ ունի և այլն, և այլն, և այլն: Եթե արձանագրվի հետընթաց, ապա կասկած չկա, որ գերմանացիները նոր կանցլեր կընտրեն:

Այնպես որ, մեզ մոտ խնդիրը ոչ թե այն է, որ Սերժ Սարգսյանը գնում է 3-րդ ժամկետի և, հետևաբար, դա սխալ է, այլ այն, որ Սերժ Սարգսյանը ո՛չ 1-ին, ո՛չ 2-րդ ժամկետում աչքի չի ընկել դրական արդյունքներով, ավելի ճիշտ՝ աչքի է ընկել բացասական արդյունքներով, և դա է պատճառը, որ նա չպետք է հավակնի 3-րդ ժամկետի:

Եթե Սերժ Սարգսյանի նախագահության տարիները լինեին ձեռքբերումների և Հայաստանի առաջընթացի տարիներ, ապա կարելի էր Սահմանադրությունը փոխել ու վերացնել նույն անձի՝ երկու անգամից (անընդմեջ) ոչ ավելի երկիրը ղեկավարելու նորմը և խնդրել (ընտրել) ՀՀԿ ղեկավարին, որպեսզի նա մնա նախագահի կարգավիճակում ու շարունակի իր դրական գործը: Բայց քանի որ ունեցել ենք հակառակ պատկերը, ուստի՝ նրա 3-րդ ժամկետի հարցը որպես Մերկելի արածի կրկնություն ներկայացնելը պարզապես դեմագոգիա է:

Սարգսյանի նախագահության առաջին շրջանն աչքի ընկավ ՀՀ քաղաքացիների (արտագաղթ) ու տնտեսության կորստով (տնտեսական անկման համաշխարհային ռեկորդի սահմանում, պետական պարտքի կտրուկ աճ, աղքատության ավելացում, կապիտալի փախուստ, ներդրումների շեշտակի նվազում), իսկ երկրորդ շրջանը՝ ՀՀ քաղաքացիների, տնտեսության, 800 հեկտարի ու զինվորների կորստով:

Հիմա մեզ ասում են՝ քանի որ այսպիսի խնդիրներ կան, նա պետք է մնա, որովհետև այլ փորձառու մարդ չկա: Բայց ամբողջ հարցն այն է, որ այդ խնդիրներն արդյունք են Սարգսյանի վարած քաղաքականության, ուստի՝ փորձի փոխանցման կարիքն էլ չկա: Եթե ցանկություն կա փորձ փոխանցել երիտասարդներին, ապա դա պետք է լինի միայն «Ինչպես չի կարելի պետություն ղեկավարել» թեմայով:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը