Մեկնաբանություն

22.03.2018 12:40


Կարեն Կարապետյանը հարցազրույց կտա՞

Կարեն Կարապետյանը հարցազրույց կտա՞

ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ-ի օդիոզ թևը զբաղված էր Սերժ Սարգսյանի քարոզով:

«Նա՛ է մեր վարչապետի թեկնածուն և նա՛ է մեր անփոխարինելի առաջնորդը»,- հայտարարում էին գալուստսահակյաններն ու շարմազանովները:

Որոշակի նախապատրաստական աշխատանքներից հետո խաղի մեջ մտավ նաև Սերժ Սարգսյանը՝ հրաժարվելով իր խոստումից և անվտանգության հետ առնչվող հարցերին հղում անելով՝ փաստացի կրկնեց իր անփոխարինելիության մասին թեզը:

Այն, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններն արվելու էին մեկ մարդու անփոխարինելիության ապահովման նպատակով, ակնհայտ էր շատ վաղուց: Այն պահից, երբ 2013-ի նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանն առաջարկում էր Րաֆֆի Հովհաննիսյանին գլխավորել սահմանադրական փոփոխությունների դեռևս չստեղծված հանձնաժողովը: Եվ դա այն դեպքում, երբ նախագահական ընտրությունների ժամանակ բառ անգամ չէր ասվել այն մասին, որ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու դեպքում նախաձեռնվելու են սահմանադրական փոփոխություններ:

Հիմա եկել է «Վերարտադրություն» օպերացիայի եզրափակիչ փուլը, և բնական է, որ ՀՀԿ-ական ճամբարից ամեն օր ավելի շատ են լսվելու մեկը մյուսից խուճուճ և էկզոտիկ ձևակերպումներ Սարգսյանի անփոխարինելիության մասին:

Այս պատմության մեջ, սակայն, մի մեծ բաց կա: Այդ բացը գործող վարչապետ Կարեն Կարապետյանի լռությունն է:

Սերժ Սարգսյանը իշխանական կայքերից մեկին հարցազրույց տվեց ու փաստացի հաստատեց, որ հավակնում է վարչապետի աթոռին, ինչից բխում է, որ մի հարցազրույց էլ պետք է Կարապետյանը տա:

Կարապետյանը պետք է որևէ լրատվամիջոցով բացատրություն տա, թե ի՞նչ հիմքով էր նախկինում հավաստիացնում, որ ապրիլից հետո շարունակելու է մնալ վարչապետի աթոռին, որ կարճ ժամանակով չի եկել, և որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը պաշտպանող ՀՀԿ-ականներն ընդամենն իրենց անձնական կարծիքն են հայտնում:

Կարապետյանը նաև պետք է մինչև ապրիլի 9-ը հրապարակավ անդրադառնա իր շուրջ պտտվող խոսակցություններին ու ասի, թե ի՞նչ է պատրաստվում անել ապրիլի 9-ից հետո՝

ա. լքել իշխանական թիմը և դառնալ իշխանությանն այլընտրանք,

բ. համաձայնել 1-ին փոխվարչապետի պաշտոնին,

գ. նախորդ անգամվա պես սուսուփուս լքել Հայաստանը:

Մի խոսքով, Կարեն Կարապետյանը պարտավոր է խոսել: Մանավանդ, որ ընտրարշավի ժամանակ դարձել էր ՀՀԿ-ի քարոզչադեմքն ու այդպիսով որոշակի մեսիջներ փոխանցել հանրությանը: Հիմա եթե նա լռում է, իսկ Սերժ Սարգսյանն էլ, հակառակ իր խոստման, դառնում է վարչապետ, ապա ստացվում է, որ Կարապետյանը գիտակցաբար է մոլորեցրել հանրության մի հատվածին, կամ էլ՝ Կարապետյանին են Բ26-ում մոլորեցրել: Թե ո՞ր տարբերակի հետ գործ ունենք, միայն Կարեն Կարապետյանը կարող է ասել:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը