Մեկնաբանություն

21.03.2018 15:00


Սերժ Սարգսյանի «աքիլլեսյան գարշապարը»

Սերժ Սարգսյանի «աքիլլեսյան գարշապարը»

Ամեն մարդ ֆոբիաներ՝ իռացիոնալ ու անկառավարելի վախեր ունի: Մեկի մոտ դա վառ է արտահայտված, մյուսի մոտ՝ ոչ այնքան:

Ֆոբիան խիստ արտահայտված, համառ ու կպչուն վախն է, որն անդառնալիորեն սրվում է որոշակի իրավիճակներում և չի ենթարկվում ամբողջական տրամաբանական բացատրության։ Ֆոբիայի զարգացման արդյունքում մարդը սկսում է վախենալ և, հետևաբար, խուսափել որոշակի առարկաներից, գործունեության տեսակից կամ իրավիճակից։

Մարդ կա շնից է վախենում, մարդ կա՝ հոսանքից, մարդ կա՝ բարձրությունից, մարդ կա՝ փակ տարածությունից: Մարդ էլ կա՝ մարդկանց բազմությունից:

Սերժ Սարգսյանն էլ մարդ է և որոշակի ֆոբիաներ ունի: Դա, օրինակ, «փողոցն» է: Դժվար չէ հասկանալը, թե ինչու Սերժ Սարգսյանը չի սիրում «փողոցը»: Նա «փողոցը» հաղթահարելով է 2008-ին եկել իշխանության: 2008-ը գնացել է, բայց ֆոբիան՝ մնացել: Եթե Սարգսյանին մնար, ապա նա կքանդեր բոլոր հրապարակները (ի դեպ, մի պահ Ազատության հրապարակը բառիս բուն իմաստով քանդվել էր, որպեսզի մարդ չհավաքվի), Մատենադարանին հարակից տարածքը, ստադիոնները և բոլոր այն վայրերը, որտեղ կարող են մարդիկ քաղաքական թեմաներով հավաքվել:

Սարգսյանը մշտապես մտահոգվում է «փողոցից», քանզի «փողոցի» կանխատեսելիությունը և կառավարելիությունը շատ ավելի ցածր մակարդակի վրա են, քան, ասենք, ընտրացուցակների կազմումը, ընտրակաշառքների բաժանումը, տոկոսների հաշվարկը, հաճախորդների վարքագիծը, «անկախ» մամուլի պահվածքը և այլն:

ՀՀԿ ղեկավարը չի էլ թաքցնում, որ իր համար «փողոցը» միշտ մտահոգիչ է: Եթե գնահատելու լինենք նախագահության 10 տարիները, ապա նրա վախն ու պայքարը միշտ եղել են «փողոցի» դեմ, քանզի կուլիսներում ու կաբինետներում Սարգսյանն իրեն շատ կոմֆորտային է զգում, իսկ ահա հրապարակային ու զանգվածային գործընթացներում՝ ոչ:

«Փողոցը» Սերժ Սարգսյանի, այսպես ասած, աքիլլեսյան գարշապարն է: Իր վերջին հարցազրույցում էլ նա չթաքցրեց, որ մտահոգված է «փողոցից», որը նախապատրաստվում է իր վարչապետության դեմ (ռուսական մի խոսք կա. «У кого что болит, тот о том и говорит»): Տվյալ դեպքում նա ոչ թե վախենում է երևացող «փողոցայիններից», այլ «փողոցի» միջոցով ձեռքերը տաքացնելու հնարավորություն ունեցողներից, որոնք այս պահին չեն երևում:

Սերժ Սարգսյանի հանրային լեգիտիմությունը շատ ցածր մակարդակի է և նրա ապագա վարչապետությունն այդ առումով լեգիտիմության լուրջ դեֆիցիտ ունի: Սարգսյանը, թերևս, գիտի այդ մասին:

Սարգսյանը գիտի նաև, որ իր վարչապետությանը դեմ են ոչ միայն հանրային շրջանակները, այլ նաև իշխանական ու մերձիշխանական որոշակի հատվածները: Ահա ա՛յս հանգամանքն է լրջորեն անհանգստացնում ՀՀԿ ղեկավարին: Նա համոզված է, որ եթե «փողոցը» հավաքվի, ապա «շախ» տվողներ անպայման լինելու են՝ այդտեղից իր համար բխող բոլոր անկանխատեսելի գործընթացներով:

Ինչպես հայտնի է, ապրիլի 9-ից հետո մեկ շաբաթ Սերժ Սարգսյանը լինելու է, Վահրամ Բաղդասարյանի ասած, շարքային կուսակցական. չի ունենալու իշխանական ֆորմալ լծակ: Նա մտավախություն ունի, որ «փողոցն» այդ ընթացքում կարող է «տաքացվել» ինչպես ներսից (նիկոլփաշինյանների միջոցով), այնպես էլ դրսից (ներկա ու նախկին «ոխերիմ թիմակիցների» միջոցով): Ու քանի որ «փողոցն» անկանխատեսելի է Սերժ Սարգսյանի համար, ուստի պայքարի թիրախ են դարձել բոլոր նրանք, ովքեր «փողոցի» անունն են տալիս: Գործի են դրվել ոչ միայն օդիոզ աշոտյանները, այլ նաև «Ելք»-ի հաճախորդները («Էդմոն Մարուքյանի «լուսավորները» և Արամ Զավենի Սարգսյանի «հանրապետականները»):

Ինչպիսի զարգացում էլ ստանա ու ինչով էլ ավարտվի առաջիկա «փողոցային» պատմությունը, միևնույն է Սերժ Սարգսյանի համար առաջիկա օրերը (կամ դրանից ավելին) լինելու են նյարդայնացման շրջան:

Ֆոբիան մնում է ֆոբիա: Ի՞նչ կարող ես անել:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը