Մեկնաբանություն

21.03.2018 13:50


Ինչու տեղի ունեցավ դատական հաշվեհարդարը և ինչի դա կհանգեցնի

Ինչու տեղի ունեցավ դատական հաշվեհարդարը և ինչի դա կհանգեցնի

Բազմիցս առիթ եղել է գրելու, որ քաղաքականության մեջ գործում են ֆիզիկայի կանոնները, մասնավորապես՝ ուժը ծնում է համարժեք հակաուժ:

Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիների ընթացքում տոտալ պատերազմ է հայտարարվել քաղաքականությանը, այսինքն՝ իշխանության հայտ ներկայացնողներին:

«Ապաքաղաքականացնենք քաղաքականությունը». սա՛ է եղել վերջին 10 տարվա իշխանության հիմնական կարգախոսը: Այդ կարգախոսի ներքո են տեղի ունեցել տնտեսության կենտրոնացումը, քաղաքական դաշտի փոշիացումը և «անփոխարինելի իշխանության» ձևավորումը:

Քաղաքականության ապաքաղաքականացման զանգվածային ու եզրափակիչ ակտերից մեկը «ռեյտինգային» ընտրակարգի ներդրումն էր: 10.000-դրամանոցների միջոցով ձևավորվեց խորհրդարանական մեծամասնություն, որն ընտրեց ապաքաղաքական ԱԺ նախագահ, ապաքաղաքական ու ապահայաստանյան ՀՀ նախագահ և պատրաստվում է ընտրել վարչապետին, որի հավակնորդը խնդիր է դրել Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող միակ մարդը դառնալ:

Քաղաքական կյանքի ապաքաղաքականացման, արտագաղթի աճի ու երկրում գաղջ մթնոլորտի խորացմանը զուգընթաց, հասկանալի պատճառներով, աճում են արմատական տրամադրությունները: Սերժ Սարգսյանն իր վարած քաղաքականությամբ, կամա թե ակամա, նպաստել է այդ արմատական տրամադրությունների ձևավորմանն ու աճին:

Հայաստանի բնակչության մեծ մասի մոտ վերջնականապես ձևավորվել է այն տեսակետը, որ ընտրությունների և, այսպես կոչված, սահմանադրական ճանապարհի միջոցով հնարավոր չէ երկրում բան փոխել: Ահա այդ պատճառով է, որ քաղաքական թատերաբեմում հայտնվել է հրացանի պահանջը ու վերջում նաև՝ հրացանը: Իսկ հրացանը, ինչպես հայտնի է, մի օր անպայման կրակում է: Եվ կրակեց:

Առաջին կրակոցը եղավ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ: Իշխանությանը հաջողվեց պահել դիրքը ու հիմա դատական հաշվեհարդար են տեսնում ՊՊԾ գնդի գրավման հետ ուղղակի կամ անուղղակի (գաղափարական) առնչություն ունեցողների նկատմամբ:

Ժիրայր Սեֆիլյանին 10,5 տարի ազատազրկման դատապարտելը դատական հաշվեհարդարի դրսևորում է: Բ26-ը դրանով մեսիջ է ուղարկում, որ ինքը արմատական տրամադրությունների դեմ պայքարելու է ամենադաժան մեթոդներով:

Սեֆիլյանի «գործի» իրավական կողմին, բնականաբար, իմաստ չունի անդրադառնալ, քանզի անկախ դատաիրավական համակարգի բացակայության պայմաններում ծիծաղելի է դա անելը: Իշխանություններն էլ չեն թաքցնում, որ սա ոչ թե զուտ իրավական գործընթաց է, այլ՝ քաղաքական հաշվեհարդար: Ցուցադրակա՛ն հաշվեհարդար: Բայց որքանո՞վ է այդ հաշվեհարդարը հարց լուծում:

Բանն այն է, որ քաղաքական կյանքի ապաքաղաքականացումն ու «անփոխարինելիության» մոդելի կիրառումը հանրության նորանոր շերտերի է բերում այն համոզման, որ արմատական իշխանության դեմ միայն արմատական քայլեր է պետք ձեռնարկել: Այդ արմատականության խորհրդանիշը Ժիրայր Սեֆիլյանն է: Եվ այդ խորհրդանիշին ցուցադրաբար դատելով՝ իշխանությունը փորձում է հանգցնել կրակը, բայց քաղաքականության մեջ, ինչպես բնության մեջ, ավելացող ուժն է՛լ ավելի ավելացող հակաուժ է ծնում: Ասել է թե՝ հաշվեհարդարներով հարցերը ոչ թե լուծվում են, այլ՝ հետաձգվում ու ավելի մեծ պայթյունի հիմք ստեղծում: Թե երբ և ինչ ձևով կլինի այդ պայթյունը, քննարկման այլ թեմա է:

Եթե Հայաստանում նորմալ քաղաքական կյանք լիներ և մենք նորմալ պետություն լինեինք, ապա Սեֆիլյանի տիպի մարդկանց գործոնը (քաղաքական մտածողության ու փիլիսոփայության առումով) քաղաքական դաշտում կլիներ մարգինալ կամ ընդհանրապես չէր լինի: Իսկ այսօրվա պայմաններում սեֆիլյանականների հանրային լեգիտիմությունը բավական բարձր է: Մարդիկ կարող է չդառնան Սեֆիլյանի կամ Պավլիկի կողմնակիցը, բայց առնվազն նրանց մտածողությունը կամ քայլերը չեն դատապարտի ու նույնիսկ ինչ-որ տեղ կարող է ափսոսան, որ նրանց մոտ չի ստացվել, քանզի այդպիսի մթնոլորտ է մեր երկրում ձևավորել Բ26-ը:

Բ26-ում հաստատ այդպես չեն ուզել, բայց այդպես ստացվել է: Բնության օրենքների դեմ ոչինչ չես կարող անել:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը