Մեկնաբանություն

20.03.2018 11:20


Սեյրանի ձայնն ու Աստծո կամքը (տեսանյութ)

Սեյրանի ձայնն ու Աստծո կամքը (տեսանյութ)

Բ26-ն այնքան է ապաքաղաքականացրել քաղաքական կյանքը և այնքան արժեզրկել քաղաքական խոսքը, որ Հայաստանի թիվ մեկ քաղաքական մեկնաբանը դարձել է ՀՀԿ-ական շուլուխչի պատգամավոր, համատեղությամբ նաև գեներալ Սեյրան Սարոյանը: Նրանից են «անկախ» լրատվամիջոցներն արագ արձագանքման մեկնաբանություններ ստանում: Նա է տեսակետ հայտնում ու նախանշում քաղաքական գործընթացների ուղղությունը:

Այսօր էլ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ «Tert.am»-ին տված հարցազրույցին ու իր վարչապետության թեմայի վերաբերյալ ասածներին, Սարոյանը նշել է հետևյալը. «Տեսա՞ք, Աստված մեր ձենը լսեց, էլ ի՞նչ եք ուզում: Մարդը պարզ ասեց»:

Փաստորեն, Սեյրան Սարոյանը ձայն բազմացն է, իսկ Աստծո կամքը Սերժ Սարգսյանի ինքնահարցազրույցն է: Այսինքն ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է դառնալու ոչ թե 10.000-դրամանոցների միջոցով խորհրդարանական մեծամասնություն ստացածների քվեարկության, այլ՝ Աստծո կամոք: ՀՀԿ ղեկավարն, ըստ այդմ, դառնում է երկնքի ներկայացուցիչը երկրի հայաստանյան հատվածի վրա: Համենայնդեպս այդպես է ստացվում Սեյրանի ասածից (մի ժամանակ Ստալինն այլոց շուրթերով հայտարարում էր, որ Լենինը ԽՍՀՄ-ի Աստվածն է, իսկ ինքը՝ Լենինն այսօր):

ՀՀԿ-ին կից Հայ առաքելական եկեղեցին, կարծում ենք, որ պետք է մեկնաբանի Սեյրան Սարոյանի ասածները: Եթե Աստված լսում է Սեյրան Սարոյանի ձայնը, ուրեմն Աստծո գոյությունը կամ բնույթը կարելի է կասկածի տակ առնել: Կամ էլ՝ Աստված պատժում է հայ ժողովրդին, և այդ դեպքում պետք է լրջորեն հետևություններ անել:

Եթե Աստված կա, ուրեմն մի բան այն չէ ինչպես երկրի վրա, այնպես էլ՝ երկնքում:

Իսկ եթե Աստված չկա, ուրեմն կրոնն էլ է բլեֆ և, հետևաբար, Սեյրանն ինչ ձայն ուզի կհանի:

Մի խոսքով, այստեղ լուրջ թեմա կա:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Եթե նախկինում ՀՀԿ-ական ճամբարից ձայներ էր լսվում, թե բա Սերժ Սարգսյանը շարքային ՀՀԿ-ական է ու պիտի վարչապետ դառնալու հարցում ենթարկվի ՀՀԿ-ի որոշմանը, ապա հիմա կարող են է՛լ ավելի առաջ գնալ դեմագոգիայի առումով ու հայտարարել, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնալու խոստումից հետ է կանգնում, քանի որ դա եղել է Աստծո կամքը:

ՀՀ-ն ապրիլի 9-ից հետո ոչ թե լիարժեքորեն դառնալու է խորհրդարանական մոդելի երկիր, այլ գռեհիկ կրոնապետություն, իսկ իշխանությունը վերածվելու է «սրբազան ավազակաորջի»:

Ի դեպ, աշխարհում գրեթե բոլոր կեղտոտություններն արվել ու արվում են Աստծո անունից կամ Աստծո անունը տալով:

Այս խորագրի վերջին նյութերը