Մեկնաբանություն

19.03.2018 11:25


Ինչ ցույց տվեցին ռուսաստանյան ընտրությունները Հայաստանում

Ինչ ցույց տվեցին ռուսաստանյան ընտրությունները Հայաստանում

Սոցիալական ցանցերում մեծ արձագանք են ստացել Հայաստանում ՌԴ նախագահի ընտրությունների կադրերը:

Մեծ հերթեր էին գոյացել Գյումրիում և Երևանում տեղակայված ընտրատեղամասերում: Վանաձորից, Ստեփանավանից և այլ քաղաքներից գնացել էին Գյումրի՝ ընտրելու իրենց նախագահին: Ենթադրաբար՝ Պուտինին:

Գրանցվել էր նույնիսկ աննախադեպ բան. հարսն ու փեսան պսակադրության օրը գնացել էին ընտրատեղամաս և քվեարկություն իրականացրել: Հարսի շորերով հայ աղջիկը հայտարարել էր, որ նախ նախագահը, ապա՝ ամուսինը: Տեսարանն իրոք մտահոգիչ էր, բայց ոչ թե պետք է «ռազմահայրենասիրական» ելույթներ ունենալ, այլ հասկանալ ու ճիշտ եզրահանգումներ անել:

Ոմանք հիմա կուրծք են ծեծում և կոկորդ պատռում, որ սա խայտառակություն է, սակայն չեն ուզում կամ չեն կարողանում խորանալ պատճառների մեջ:

ՀՀ անկախության հանրաքվեն գրեթե 100-տոկոսանոց «այո» ստացավ, բայց հիմա եթե անկացվի հանրաքվե «Համաձա՞յն եք արդյոք ՀՀ-ն մտցնել ՌԴ կազմի մեջ», ապա գրեթե համոզված եմ, որ նույն «այո»-ի տոկոսները կլինեն, ինչ 1991-ի անկախության հանրաքվեի ժամանակ: Նորմալ սոցիոլոգիական հարցում այս առումով չկա, բայց մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ չեմ սխալվում: Իսկ դա նշանակում է, որ մենք տանուլ ենք տվել մեր պետականությունը:

ՀՀ-ն ՀՀ քաղաքացիների մեծ մասի համար կորցրել է իր լեգիտիմությունը: ՀՀ-ն պետությունից վերածվել է մոտ 2 միլիոնի հասնող բնակչությամբ տարածքի, որտեղ մարդկանց մի փոքր խումբ տիրացել է իշխանական լծակներին ու թալանով է զբաղված՝ անվտանգության, երկրի զարգացման ու արժանապատիվ քաղաքացի ունենալու հարցերը թողնելով մի կողմ:

Մարդիկ այստեղից ոչ թե արտագաղթում են, այլ ինքնատարհանվում:

Մարդիկ տեսնում են, որ ՀՀ-ն վերածվել է ֆիկցիայի: Տեսնում են ու փախչում: Եվ բնական է, որ այս պայմաններում Պուտինը Հայաստանում ունի լեգիտիմության բարձր աստիճան, ու ի տարբերություն տնաբույծ անփոխարինելիների՝ ավելի ընկալելի է միջին հայաստանցու համար:

Եթե մեր քաղաքական դաշտը դարձել է «արոտավայր», եթե ՌԴ-ի դեսպանատան մոտ հերթ կանգնողների համար ամաչողներն իրենք հերթ են կանգնում Սերժ Սարգսյանից փշրանքներ ստանալու համար, եթե մեր բանակից փախչողներին քննադատողներն իրենց զավակների բանակի հարցն են ուզում լուծել «ձախ» ճանապարհով, եթե ԱԺ-ն հիշեցնում է Օրուելի նկարագրած ախոռը, եթե իշխանության միակ խնդիրը վերարտադրվելն ու թալանի շարունակականությունն ապահովելն է, եթե ընդդիմություն կոչվածը մանրամեծածախ գներով վաճառվել է, եթե մեր բնակչության մի մասը քվեի իր իրավունքը գնահատում է 10.000 դրամի սահմաններում, ապա բնական է, որ այստեղից պետք է արտահոսք սկսվի ու Պուտինը դառնա պաշտամունքի առարկա:

Մենք մսխել ենք Ղարաբաղյան պատերազմի հաղթանակն ու անկախ պետականությունը: Ու այս ամենին ամեն մեկն իր ձևով է ռեակցիա տալիս: Ոմանք հեռանալով, ոմանք սպասելով հեռանալու իրենց շանսին, ոմանք էլ ՌԴ նախագահական ընտրություններին հարսի շորով մասնակցելով:

Մինչև այս վիճակը չփոխվի, մենք նորմալ երկիր չենք կարող դառնալ, ավելին՝ չենք կարող պահել մեր պետականությունը:

Այս տնտեսաքաղաքական վերնախավով մենք հեռու չենք գնա: Ունի՞ արդյոք մեր երկիրը փոխվելու ռեսուրս և ցանկություն: Հարցը հռետորանակա՞ն է, թե՞ ոչ, թող ամեն մեկն իր համար որոշի:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը