Աշխարհ

18.03.2018 11:16


Նոբերտո Բրիասկո. «Կխնդրեմ Մխիթարյանի մարզաշապիկը»

Նոբերտո Բրիասկո. «Կխնդրեմ Մխիթարյանի մարզաշապիկը»

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը հանդես է գալիս «Աթլետիկո Ուրական» ակումբում, առաջին անգամ հավաքական հրավիրվելուց հետո հարցազրույց է տվել արգենտինական ակումբի պաշտոնական կայքին:

«Ինձ համար սա նոր ու գեղեցիկ փորձառություն կլինի: Հուսով եմ` ամեն ինչ լավ կլինի»,-ասել է ֆուտբոլիստն ու նշել, որ իր հետ կապ են հաստատել արգենտինահայ լրագրող Վալտեր Սաֆարյանի միջոցով.

«Մորական կողմիս պապիկը հայ է: Մայրիկիս բարեկամները ժամանակին Հայաստանում էին ապրում, հիմա` Արգենտինայում: Վալտեր Սաֆարյանն ինձ ասաց, որ Հայաստանի հավաքականից ցանկանում են խոսել ինձ հետ: Հայաստանի առաջնությունից էլ որոշակի տեղեկություններ ունեմ, դիտել եմ խաղերը, գիտեմ, որ բարձրակարգ խաղացողներ ունեն: Կարդում եմ պապիկիս օգնությամբ, որն ինձ համար թարգմանում է, ամեն ինչը գրի է առնում թղթի վրա և փորձում ինձ սովորեցնել»,-պատմել է 22-ամյա ֆուտբոլիստն ու ընդգծել, որ լեզվի խոչընդոտն իսկապես խնդիր է իր համար.

«Որոշ բաներ գրի եմ առել, հիմնական բաները պետք է սովորեմ, չնայած բավականին բարդ է: Ինքնաթիռում էլ մի փոքր կպարապեմ»:

Արգենտինահայ ֆուտբոլիստի խոսքով, ինքը մտադիր է խնդրել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը.

«Մտադիր եմ մարզաշապիկ խնդրել նրանից: Ինձ ասել են, որ նա միակ մարդն է, որի հետ կարող եմ շփվել իսպաներենով»,- եզրափակել է իր խոսքը Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:

Հիշեցնենք` Նոբերտո Բրիասկոն հրավիրվել է Հայաստանի հավաքական` մասնակցելու Էստոնիայի և Լիտվայի հետ կայանալիք ընկերական խաղերին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը