Աշխարհ

18.03.2018 10:22


Ինչ է թաքցնում Աստղաշենը. արցախյան գյուղի գաղտնիքն ապշեցրել է ռուս լրագրողին

Ինչ է թաքցնում Աստղաշենը. արցախյան գյուղի գաղտնիքն ապշեցրել է ռուս լրագրողին

Ռուսաստանցի լրագրող, բլոգեր և լուսանկարիչ Իգոր Շիրյաևը փորձել է բացահայտել արցախյան Աստղաշենի գաղտնիքը։

«Աստղաշենն աննման է։ Ասում են` երբ Աստղաշենում հորդառատ անձրևներ են լինում, աստղերը լվանում են երկնքից ու երկիր բերում։ Հետո մարդիկ այդ աստղերը գտնում են գետնից ու զարդեր պատրաստում սիրելի կանանց համար»,-Իգոր Շիրյաևն այսպես է սկսում է իր պատմվածքը «Հետաքրքիր աշխարհ» ("Интересный мир") առցանց-պարբերականում։

Միաժամանակ նա նշում է, որ այդ գեղեցիկ սյուժեն ամենևին էլ հորինվածք չէ, քանի որ լրիվ իրական հիմք ունի։

«Աստղաշենում իսկապես աստղեր են գտնում գետնից։ Ու դրանցից իսկապես զարդեր են պատրաստում կանանց համար։ Զարմացա՞ծ եք։ Սա դեռ ամենը չէ։ Կհավանեք պատմությունը շուշանների մասին, որոնք իրականում ոչ թե ծաղիկներ են, այլ միոտնանի կենդանիներ։ Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ այստեղ փղեր են ապրել։ Ֆանտաստիկա՞։ Այդքան էլ ոչ… Աստղաշենն այն վայրն է, որտեղ ենթադրությունները ֆանտաստիկ են թվում, սակայն սերտորեն կապված են իրականության հետ..․»,-գրում է հեղինակը։

Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում որոշ ժամանակ առաջ հին օրգանիզմների քարացած մնացորդներ են գտել։ Աստղաշենի աստղիկները։ Դրանք ծովային գտածոներ են, որոնք աստղերի տեսք ունեն և որոնց շնորհիվ այդ վայրը հայտնի է դարձել։ Թեև միայն աստղիկներ չեն գտել։

«Հեռավոր ժամանակներում, հնարավոր է` մոտ մեկ միլիարդ տարի առաջ, այստեղ է եղել հնագույն Թետիս օվկիանոսը։ Այդ օվկիանոսի ծովային կենդանիների քարացած գտածոները գտնում ենք ժամանակակից մայրցամաքում։ Այստեղ քարացած նումուլիտներ կան` հին միաբջիջ օրգանիզմներ, որոնք բարդ կառուցվածքով, կրային խխունջ ունեցող փորոտանիներ են։ Այստեղ նաև կլոր քարացուկներ են գտել, որոնք տեսքով ծովային ոզնիների են նման»,-նշում է Իգորը։

Ինչ վերաբերում է բուն աստղիկներին, ապա հեղինակն ընդգծում է, որ դրանք ոչ մի կապ չունեն ծովային աստղիկների հետ։

«Բնականաբար, դա անձրևի լվացած աստղերը չեն, ինչպես ավանդությունն է ասում։ Իրականում Աստղաշենի աստղերը ծովային շուշանների քարացած հատվածներ են։ Ընդ որում` այդ շուշանները ոչ մի առնչություն չունեն ծաղիկ շուշանների հետ։ Ծովաշուշանները կենդանիներ են»,-նշում է լրագրողը։

Նրա խոսքով` ենթադրվում է, որ ծովաշուշանները սկզբում բավականին խոշոր են եղել, սակայն երբ օվկիանոսը սկսել է ցամաքել ու չորանալ, կենդանիները ստիպված են եղել հարմարվել ջրի փոքր ծավալներին ու փոքրացել են։

«Նման աստղիկներ կան ոչ միայն Ղարաբաղում, այլ նաև մոլորակի մի քանի այլ վայրերում։ Այնուամենայնիվ այստեղ կենտրոնացած են մեծ քանակությամբ լավ պահպանված քարացուկներ, թեև սովորաբար ծովային կենդանիների մնացորդները միլիոնավոր տարիների ընթացքում այդքան լավ չեն պահպանվում։ Ի՞նչն է պատճառը։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այս տեղանքի լեռնային հանքատեսակի շերտավոր կառուցվածքին։ Ենթադրվում է, որ միլիոնավոր տարիներ առաջ հենց այստեղ է եղել Թետիս օվկիանոսի ծովային ավազաններից մեկը։ Ծովաշուշանները պարզապես զանգվածաբար չեն մահացել, նրանք մնացել են թեթև բնահողի փափուկ շերտի տակ, ընդ որում` հերմետիկ վիճակում։ Որպես հետևանք` եզակի իրավիճակ է ստեղծվել»,-նշում է հոդվածագիրը։

Նա կոչ է անում ընթերցողներին անպայման այցելել Աստղաշեն, քանի որ «աստղիկների պաշարը սահմանափակ է»։

Ինչ վերաբերում է փղերին, ապա Շիրյաևի խոսքով, համացանցում տեղեկություն կա, որ Արցախում գտել են մի կենդանու մնացորդներ, որը մամոնտի ու տափաստանային մամոնտի անցումային տեսակն է։

«Ու այդ ամենն Աստղաշեն գյուղից այդքան էլ հեռու չէ։ Հիմա հասկանու՞մ եք` ինչու է այս վայրն արտասովոր»,-գրում է նա։

Լրագրողը հավելել է, որ մառախուղի ժամանակ արցախյան այս գյուղն առանձնահատուկ կոլորիտային տեսք ունի, իսկ երբ հորդառատ անձրև է գալիս, ջուրը երկնքից լվանում է բոլոր աստղերը, որոնք առայժմ բավականացնում են բոլորին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը