Մեկնաբանություն

17.03.2018 11:25


«Куда они денутся?!»

«Куда они денутся?!»

Երբ 1998-ին Հայաստանում պալատական «թավշյա» հեղափոխություն տեղի ունեցավ, այն ժամանակվա ՌԴ նախագահ Բորիս Ելցինը մի ուշագրավ հայտարարություն արեց: Նա ասաց, որ ցավում է իր ընկեր Լևոն Տեր-Պետրոսյանի համար, և որ Հայաստանում իշխանության են եկել կոշտ ուժեր, բայց դա չի փոխի Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները:

«Куда они денутся?!»,-պերճախոս ձևով Հայաստանի վիճակը ներկայացրեց Ելցինը:

ՌԴ նախկին նախագահն իր այդ ձևակերպմամբ խտացված ձևով մատուցեց մեր ռազմավարական դաշնակից երկրի վերնախավում տիրող մտածողությունն ու կարծրատիպը: Ռուսաստանում համոզված են, որ Հայաստանն այս տարածաշրջանում տեղ չունի գնալու: Բացի այդ՝ Հայաստանից են ամեն ինչ արել, որպեսզի Ռուսաստանում այդպես մտածեն:

Այն, որ ՌԴ-ում ձևավորված այդ կարծրատիպը սխալ է հենց իրենց համար, երկար բացատրելու կարիք չկա: ՌԴ-ն այդ «կացնային» մտածողության պատճառով կորցրեց Ուկրաինան, Վրաստանը: Ավելի ճիշտ, իր սահմանի վրա գտավ ոչ թե նորմալ հարևան ու գործընկեր, այլ թշնամի Ուկրաինա ու Վրաստան:

Նույնը կարող է լինել Հայաստանի պարագայում, եթե ՌԴ-ում շարունակեն «բառադիությունը»: Դա վտանգավոր կլինի մեր երկու երկրների համար: Սակայն ՌԴ-ում առկա այդ մտածողությունը չէ միակ խնդիրը:

Վտանգավորն այն է, որ Հայաստանի իշխանական վերնախավում են սկսել ՌԴ-ի մասով մտածել «Куда они денутся?!» բանաձևով, և մեր երկիրը վերածել են օբյեկտի:

Հայաստանյան իշխանություններն անվտանգության հարցերով ՌԴ-ին տեսնում են ոչ թե դաշնակցի, այլ դայակի կարգավիճակում: Նրանք անվտանգության ու ընդհանրապես՝ Հայաստանի գոյության հարցում ապավինում են ՌԴ-ին և մատը մատին չեն տալիս:

Այստեղի «խելոքները» հաշվել են, որ Հարավային Կովկասում Հայաստանը միակ պետությունն է, որտեղ ՌԴ-ն ռազմաբազա ունի, որ Հայաստանը ՌԴ-ի համար կարևոր հենակետ է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հարևանությամբ ու, հետևաբար, ռազմավարական նշանակություն ունի ՌԴ-ի համար, որ եթե ՌԴ-ն Հայաստանին տիրություն չանի, ապա կկորցնի ամբողջ Հարավային Կովկասը՝ այդտեղից իր համար բխող բոլոր բացասական հետևանքներով:

Այս մտածողության մեջ ճշմարտության հատիկ կա, բայց քո սեփական ուժերին չապավինելն ու դրսում դայակ գտնելը լուրջ սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը:

Դու պետք է քեզանից բան ներկայացնես, որպեսզի հետդ հաշվի նստեն ու դաշնակից տեսնեն, այլ ոչ թե աղքատ ու անպաշտպան բարեկամ լինես:

Հույս դնել այն բանի վրա, որ ՌԴ-ն այստեղ ռազմաբազա ունի և, հետևաբար, մեր անվտանգության մասին թող ինքն էլ մտածի, ռազմավարական սխալ է: Ռուսական պատմությունը ցույց է տվել, որ միշտ չեն Մոսկվայում ռացիոնալ ու ռազմավարական որոշումներ կայացնում: Մինչ այնտեղ ինչ-որ բան կորոշեն, այստեղ կարող է անդառնալի կորուստներ ունենանք: Հետևաբար՝ Հայաստանում հույսը դնել «Куда они денутся?!» բանաձևի վրա ու մտածել, որ ռուսը մեզ տիրություն կանի, շատ վտանգավոր բան է:

Հայաստանի ու Ռուսաստանի շահերից է բխում Հարավային Կովկասում ուժեղ Հայաստանի գոյությունը, բայց մենք միշտ պետք է իմանանք, որ ուժեղ Հայաստանի թիվ մեկ շինարարն ու շահառուն մենք պետք է լինենք, այլ ոչ թե ՌԴ-ն կամ մեկ ուրիշը: Չի՛ կարելի այստեղ «շուստրիաբար» մտածել, թե «Куда они денутся?!» և զբաղվել բացառապես հանրային ռեսուրսները մսխելով: Հայաստանի իշխանությանը թվում է, թե իրեն տրված է թալանի իրավունքը, իսկ ահա անվտանգության հարցերը պատկանում են ՌԴ-ին:

Ի դեպ, ՌԴ-ում էլ պետք է հրաժարվեն «Куда они денутся?!» մտածողությունից, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի մասով: Բայց դա իրենց խնդիրն է: Մե՛նք պետք է ստիպենք, որ Կրեմլում մտածողություն փոխվի, այլապես աղքատ բարեկամին կարող են մի օր առևտրի առարկա դարձնել, որից հետո հայ «պատմաքաղաքական միտքը» կզբաղվի իր սիրած գործով՝ մեր կորուստների համար դրսի ուժերին մեղադրելով: Չի՛ կարելի նման բան թույլ տալ:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը