Լրահոս

10.02.2010 16:47


ՀՅԴ պատգամավոր. «Հողեր հանձնելու մասին թեման պետք է փակված համարել»

ՀՅԴ պատգամավոր. «Հողեր հանձնելու մասին թեման պետք է փակված համարել»

-Հայկական ո՛չ մի նախագահ, ո՛չ մի իշխանություն իրավունք չունի, և հուսով եմ, որ նման բան չի էլ անի՝ միակողմանի, չհիմնավորված զիջումների չի գնա, և դրա համար հայկական կողմին, բոլոր մեր պաշտոնյաներին կհորդորեի ընդհանրապես դադարեցնել հողեր հանձնելու մասին խոսելը։ Այդ թեման այլևս չպետք է քննարկվի, առավել ևս, երբ ադրբեջանական կողմից նրանց փոխզիջման մասին որևէ հստակ պատկերացում դեռևս չի տրվել,- արցախյան հիմնախնդրի կարգավորմանն անդրադառնալով՝ «Հայացք» ակումբում ասել է Վահան Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ այդ թեման պետք է փակված համարել, իսկ բանակցությունները պետք է շարունակվեն արդեն բոլորովին այլ համատեքստում, և շատ կարևոր կլինի, որ այդ բանակցություններին միանա Լեռնային Ղարաբաղը։ Նա նշել է, որ ինքը կանխատեսումներ անել չի կարող, սակայն կարող է առաջարկություն անել. «Առաջարկությունս հենց դա է՝ լրջորեն զբաղվել ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքի վերաբնակեցումով, զարգացումով և բացարձակապես դադարեցնել որևէ միակողմանի զիջումների տանող փաստաթղթերի քննարկումը»։ 

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նա նշել է, որ փակուղու մասին խոսելը դեռևս վաղ է, քանի որ եթե դրանց զարգացումը գնար ճիշտ հունով, ապա նման իրավիճակ չէր առաջանա։ Կողմերը, նրա խոսքերով, փորձել են տարբեր իմաստ դնել արձանագրությունների մեջ, իսկ դա վատ բանակցությունների արդյունք է. «Հայկական կողմից բանակցությունները եղել են ոչ արդյունավետ, ոչ վերջնական, ոչ ամբողջական և ոչ հեռատես։ Այդպիսի բանակցությունների արդյունքում ծնվել է փաստաթուղթ, որը յուրաքանչյուր կողմ փորձում է ընթերցել յուրովի։ Փակուղի՝ դեռ ոչ, բայց որ հակամարտությունը սրվում է այս արձանագրությունների շուրջ, ակնհայտ է»։

Թե այս հանգրվանում առաջինը քայլն ով կանի, Վահան Հովհաննիսյանը դժվարացել է ասել՝ նշելով, որ Թուրքիայի գործողություններին սպասելը միգուցե վատ դիրքորոշում չէ, սակայն կաշկանդում է հայկական կողմին։ Խնդիրն այն չէ, թե երբ տեղի կունենա վավերացումը, խնդիրն այն է, թե ինչպես դա տեղի կունենա, և այս առումով Վ. Հովհաննիսյանը նշել է, որ ՍԴ որոշումը հնարավորություն է տալիս և նույնիսկ պարտավորեցնում Ազգային ժողովին լինել շատ զգույշ և ընդհանրապես մերժել արձանագրությունները, իսկ վավերացնելու դեպքում վավերացնել վերապահումներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը