Մեկնաբանություն

16.03.2018 12:20


Ինչը կարող է լինել անփոխարինելի

Ինչը կարող է լինել անփոխարինելի

Իշխանական շրջանակների ամենասիրած բառը դարձել է «անփոխարինելի»-ն:

Անփոխարինելի ասելով՝ սրանք նախևառաջ նկատի ունեն իրենք իրենց, այլ ոչ թե իրենց շեֆին:

«Եթե շեֆն անփոխարինելի լինի, ապա մենք էլ՝ մեր «ձախ» եկամուտներով, կարգավիճակով, բյուջեի մսխման մեր փայաբաժնով և մեր ունեցվածքով կլինենք անփոխարինելի»,-մտածում են ՀՀԿ-ական «առաջամարտիկներն» ու հարձակվում հանրության վրա:

Վաղը մեկ ուրիշ շեֆ կհայտնվի, սրանք անփոխարինելի կհամարեն այդ շեֆին այնպես, ինչպես անփոխարինելի են համարել Լևոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին (մի պահ նույնիսկ՝ Անդրանիկ Մարգարյանին):

Եթե մենք կայացած պետություն լինեինք, ապա անփոխարինելի կհռչակվեր միան ՀՀ ու ՀՀ քաղաքացիների շահը: Բայց քանի որ կայացած չենք ու ամեն ինչ ոչ թե համակարգերի, այլ անձերի վրա է հիմնված, ուստի անփոխարինելի են դառնում անձերը: Իսկ անձերի ու ՀՀ-ի շահերը միշտ չէ, որ կարող են համընկնել:

Անփոխարինելի կարող է լինել ծնողը, երեխան, պետությունը, բարձր արվեստի գործը, տաղանդավոր գրողը, բարձրակարգ երաժիշտը, բայց ոչ կուսակցական բոսը կամ երկրի ղեկավարը: Մեզ մոտ հակառակն է, որովհետև պետության զգացողությունը փոխարինվել է տարածքի զգացողությամբ, քաղաքացիությունը՝ բնակչությամբ, պետական շահը՝ անձնականով:

Այս պայմաններում Հայաստանը գոյատևում է արտաքին որոշակի բալանսի, իներցիայի ու որոշ փխրուն հանգամանքների բերումով: Սակայն բնության ու քաղաքականության մեջ կան հստակ ու դաժան օրենքներ: Ու որպեսզի մենք մեր մաշկի վրա հերթական անգամ չզգանք այդ օրենքների ազդեցությունը, պետք է զանազանենք փոխարինելի և անփոխարինելի երևույթները:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը