Աշխարհ

16.03.2018 17:12


Փենսիլվանիայի ընտրություններում դեմոկրատը հաղթել է ԱՄՆ նախագահ Թրամփի կողմնակցին (տեսանյութ)

Փենսիլվանիայի ընտրություններում դեմոկրատը հաղթել է ԱՄՆ նախագահ Թրամփի կողմնակցին (տեսանյութ)

Փենսիլվանիա նահանգում օրերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում փոքր առավելությամբ հաղթանակ տարավ դեմոկրատ թեկնածուն: Հանրապետականամետ ընտրատարածքում դեմոկրատ թեկնածուի հաղթանակն ազդակ է հանրապետականների համար:

Դեմոկրատ Քոնոր Լեմը օրերս հաղթանակ է տարել Փենսիլվանիա նահանգի ընտրություններում:

«Դա մի փոքր ավելի երկար տևեց, քան մտածում էինք, սակայն մենք արեցինք դա»,- հայտարարել է Լեմը:

Այս ընտրատեղամասում նախկինում նախագահ Թրամփն առավելության էր հասել դեմոկրատների նկատմամբ: Նախագահն իր աջակցությունն էր հայտնել հանրապետական թեկնածու Ռիք Սակոնին:

«Ամբողջ աշխարհն է նայում մեզ: Մենք ցանկանում ենք շարունակել պահպանել մեր օրակարգը՝ «Դարձնել Ամերիկան հզոր» կարգախոսի ներքո: Անհրաժեշտ է ընտրել Սակոնին: Սա չափազանց կարևոր ընտրություններ են»,-հայտարարել էր նախագահ Թրամփը:

Հիշեցնենք, որ Փենսիլվանիայի հաղթանակին նախորդել էին Վիրջինիայում և Ալաբամայում դեմոկրատների հաղթանակները, որոնք վկայում են, որ գալիք միջանկյալ ընտրությունները կարևոր մարտահրավեր են նախագահ Թրամփի ու հանրապետականների համար:

«Այն փաստը, որ դեմոկրատները հաղթել են այդ ընտրատարածքում պետք է մտահոգի հանրապետականներին, որոնք պետք է մտածեն պահպանել իրենց տեղերը խորհրդարանում»,-ասում է Լերի Սաբատոն Վիրջինիայի համալսարանից:

Հայտնի է, որ միջանկյալ ընտրությունները սովորաբար խնդրահարույց են իշխանությանը գտնվող կուսակցության ու նախագահի համար:

«Նախագահի կուսակցությունը սովորաբար պատասխանատու է նախագահի ու վարչակազմի գործունեության համար, հատկապես այսօր, երբ հանրապետականներն ունեն մեծամասնություն Կոնգրեսի երկու պալատներում: Նրանք խոցելի են»,-ասում է Մայքլ Բարոնը American Enterprise Institute հաստատությունից:

Տեղեկացնենք, որ դեմոկրատական կուսակցությունը պետք է ստանա 24 աթոռ Ներկայացուցիչների պալատում և 2 տեղ Սենատում՝ Կոնգրեսում մեծամասնություն դառնալու համար:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը