Մեկնաբանություն

15.03.2018 14:20


«Ելք»-ը ելք չի գտնում

«Ելք»-ը ելք չի գտնում

«Ընդդիմադիր» «Ելք» խմբակցությունում սերիալային կրքեր են բորբոքվել: Դաշինքն այդ բաժանվել է 3 մասի, այսինքն՝ այնքան մասի, որքան մաս որ դաշինք կազմեցին ընտրություններից առաջ՝ ընտրողին խոստանալով վերածվել մեկ կուսակցության:

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է վարչապետի հետ կապված ապրիլյան գործընթացը տեղափոխել «փողոց»:

Էդմոն Մարուքյանն ու իրեն կից «լուսավոր հաճախորդները» առաջարկում են ձևեր չթափել և մնալ «կառուցողական» դաշտում:

Ինչ մնում է Արամ Սարգսյանին, ով, ինչպես հայտնի է, մասնագիտությամբ «Վազգեն Սարգսյանի եղբայր է», ապա նա հոգով-սրտով «լուսավոր հաճախորդների» հետ է, բայց, միևնույն ժամանակ, փորձում է «փողոցային» երևալ այնպես, որ հանկարծ «վերևում» շատ չբարկանան:

«Ելք»-ում առկա սերիալային կրքերը տեղափոխվել են մամուլ: «Լուսավոր հաճախորդներից» հատկապես ակտիվ են և իշխանական դիրքորոշումը շարմազանովներից է՛լ ավելի կրքոտ պաշտպանում են «քաղաքացիական» Գևորգ Գորգիսյանը և ավագանի աշխատող Խաժակյանը:

Գորգիսյանն, ի դեպ, իշխանամետ կեցվածքով աչքի էր ընկել նաև «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ՝ ակտիվորեն քարոզելով «Օպերա» օպերացիայի օգտին:

Գորգիսյանի տիպի «քաղաքացիականներին» բուծել են Բ26-ում ու դարձրել «լուսավոր»: Հիմա սրանք ստացած «վիտամինների» դիմաց հատուցում են՝ քարոզելով «կառուցողականություն»:

Թե ինչպես կավարտվի «Ելք»-ի մասնակցությամբ սերիալը, դժվար է ասել: Մեկ բան ակնհայտ է, որ դաշինքն այդ դեմքը պահելու, կույս մնալու և հաճույք ստանալու անհամատեղելի խնդիր է փորձում լուծել, բայց ելք չի տեսնում: «Ֆալշը» միշտ էլ զռռում է:

Իշխանության բարձր հովանու ներքո մանդատատեր դարձածներն ինչպե՞ս կարող են պայքարել իրենց ծնող ու սնող սուբյեկտի դեմ:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը